Մայիսի կեսերին Վրաստանում կհավաքվի միջազգային աշխատանքային խումբը՝ քննարկելու Իրան - Հայաստան - Վրաստան - Ռուսաստան էներգետիկ միջանցքի հեռանկարները: Ապրիլի 13-ին Երեւանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի էներգետիկայի նախարարների եւ Վրաստանի էներգետիկայի փոխնախարարի աշխատանքային հանդիպումից հետո այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Վրաստանի պետական էներգահամակարգ» ընկերության խորհրդի նախագահ Սուլհան Զումբուրիձեն:

Քննարկվելիք թեմաներից մեկը կլինի Վրաստանի հյուսիսային Քսանի գետի ավազանից մինչեւ Ռուսաստանի հետ սահմանակից Կազբեկի ավան 500 կՎտ-անոց էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Նախագիծը կիրականացվի մինչեւ 2017 թվականի սկիզբը: Դրանից հետո ռուսական կողմը կհաղորդի, թե երբ կիրականացնի իր տարածքում՝ մինչեւ Մոզդոկ հասնող գծի շինարարությունը:

Հարցին, կարո՞ղ է, արդյոք, նոր գծի կառուցման ֆոնին քննարկվել Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ էներգահոսքերի (նաեւ՝ վաճառքի) հնարավորությունը, Զումբուրիձեն պատասխանեց. «Այդ եւ էներգետիկ միջանցքի հետ կապված այլ հարցերի համար այսօր աշխատանքային խումբ ստեղծեցինք, որը կանոնավոր հանդիպումներ կանցկացնի: Առաջին հանդիպումը կանցկացվի մայիսի կեսերին, Վրաստանում»: