Գերմանիայի իշխանությունները մտահոգված են երկրի բանակում իսլամիստների ներկայությամբ, հաղորդում է Bild-ը:

Գերմանիայի կառավարության զինված ուժերի հարցերով լիազոր ներկայացուցիչ Հանս Պետեր Բարտելսը իսլամիզմը իրական սպառնալիք է համարել Գերմանիայի բանակի համար: Նրա տեղեկատվությամբ, դեռեւս չի կարելի խոսել իսլամիստների կողմից բանակ մտնելու պարբերական հետաքրքրության մասին, սակայն եզակի դեպքեր կան, ինչը չի կարող մտահոգիչ չլինել:

«Անկասկած, Բունդեսվերը, ինչպես աշխարհի այլ բանակները, կարող է գրավիչ լինել իսլամիստների համար, որոնք ցանկանում են զենքի հետ վարվելու կանոններ սովորել»,-ասել է նա:

Պարբերականի փոխանցմամբ, խոսքը, առնվազն, գերմանական բանակի 29 նախկին զինծառայողների մասին է, որոնք վերջին տարիներին մեկնել են Սիրիա եւ Իրաք: Չճշտված տվյալներով, նրանք անդամակցել են «իսլամական պետությանը»:

Ներկայումս Գերմանիայի հակահետախուզությունը ստուգում է եւս 65 զինծառայողների առնչությունն իսլամիզմին:

Բացի այդ, երկրի իշխանությունները օրինագիծ են մշակում, ըստ որի զինվորական ծառայության անցնող յուրաքանչյուր անձ պետք է հատուկ ստուգում անցնի: