«Օֆշորի» հայտնի գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իրեն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում ասաց Աշոտ Սուքիասյանը:

«Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ժողովից հետո ինքն է ինձ մոտեցել, խնդրել, որ ծանոթանանք, համագործակցենք: Մեր ծանոթությունից հետո ինն ամիս իրեն մերժել եմ, հետո 70/30 փայատեր ենք դարձել: Հիմա փողերի լվացման մասին են  խոսում, դրանք այլ աղբյուրներից ստացված փողեր են եւ ոչ մեկիս չի պատկանում, դրանք օգտագործվել են տեղին: Վարկերը մեզ տրվել են բանկերից` ընդհանուր բիզնեսի համար: Կազմակերպությունը երբեք հարկերից չի խուսափել, կանխավճարներ եւ գերավճարներ ենք ունեցել, այսքան տարիներ աշխատել ենք, նման բան չի արձանագրվել: 75-ամյա վատ վարկային պատմություն ունեցողը պետք է իմ նմանին գտներ, այս բեռը դներ իմ ուսերին, ուրիշ էլ ինչ պետք է աներ: Դրա համար էլ միշտ խուսափում էր պայմանագիր կնքելուց, ասում էր` հայր ու տղա ենք, ինչ պայմանագիր»,-ասաց նա:

Աշոտ Սուքիասյանի խոսքով, գործով տուժող Հայրապետյանին եւ նրա ընտանիքին բանկերը վարկ չեն տրամադրել եւ նոտարական վավերացումով իրեն հայտարարագիր է տրվել` իբր Հայրապետյանը գույքը նվիրաբերել է ամբաստանյալին եւ վարկը ձեւակերպվել է իր անունով: Սուքիասյանի խոսքով, բանկերից վարկեր ստանալուց հետո սկսել են  համագործակցել, այդ ընթացքում պարզվել է, որ Հայրապետյանը շատ պարտքեր ունի` 756 հազար դոլար, հետո պարզվել է, որ բանկերից մեկում ունի նաեւ մեկ միլիոն դոլար պարտք:

«Գալիս ասում էր եկամուտները բանկին մի տուր, ինձ տուր պարտքերս փակեմ: Ասում էի` քո պարտքը փակողը հո չեմ  ես: Ես այդ ընթացքում փակել եմ եւ բանկերի տոկոսները եւ Հայրապետյանի պարտքերը»,-ասաց նա:

Սուքիասյանի խոսքով, հետագայում որոշվել է Աֆրիկայում բիզնեսը մեծացնել, իրենց են միացել նաեւ այլ գործընկերներ, որոնք հետագայում իրեն խարդախությամբ խաբել են:

«Բանկերի տոկոսները փակել էի, Փայլակ Հայրապետյանի պարտքերն էլ էի փակել, այնուհետեւ աֆրիկացի շեյխի հետ 2012 թ. պայմանագիր կնքեցինք եւ սկսեցինք համագործակցել, այդ ժամանակ էլ վատացան մեր հարաբերությունները մյուս գործընկերենրի հետ: Պարզվեց, որ շեյխի ետ հանդիպել են եւ  խարդախության վերաբերյալ ծրագրեր են կազմել իմ դեմ: Սերգեյ Տրիկազյուկն էլ իմ պաշարներն ու գումարները վերցնելով անհետացել էր, մինչեւ հիմա էլ չկա: Այդ պահից էլ  թշնամություններն սկսվեցին»,-պատմեց նա:

Այնուհետեւ, ըստ Սուքիասյանի` Փայլակ Հայրապետյանը ծրագրեր է կազմել  ամբողջ բիզնեսը խլել իրենից եւ հանդիպել էր շեյխի հետ եւ ասել` Սուքիասյանը հետախուզման մեջ է, ավելի լավ է չհանդիպի նրա հետ` խնդիրներ չունենալու համար. «Իհարկե շեյխը ստուգեց այդ ամենը, պարզվեց, որ Հայրապետյանի ասածներն իրականությանը չեն համապատասպանում:  Դրանից հետո իմ գործընկերներից Ռուբեն Մկրտչյանին կալանավորեցին, որից հետո Հայրապետյանն իմ դեմ դավեր էր հյուսել: Բողոք էր ներկայացրել, իբր խարդախություն եմ արել, ինձ եկան ձերբակալեցին, հետո գրավի դիմաց ազատ արձակեցին: Դատարանը դատական ամբողջ ծախսերը պահանջեց Հայրապետյանից, որը փախավ դատարանից: Հայրապետյանը տեսնելով, որ արդյունքի չի հասնում, հեղինակավոր մարդկանց անուններ խառնեց, որպեսզի ավելի մեծ ուշադրություն հրավիրի գործին եւ հասնի իր նպատակին»,-ասաց Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ «Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց  հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը եւ արքեպիսկոպոս Կճոյանը որեւէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, եւ որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:

Գործով միակ մեղադրյալն այս պահին գործարար Աշոտ Սուքիասյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում են իրենց առնչությունը օֆշորային գործին: