Առնվազն մեկ մարդ զոհվել է եւ 50-ը` տուժել ճապոնական Կյուսյու կղզու հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:   

Ճապոնական Կիոդո գործակալության տվյալներով, տարերքն ամենամեծ վնասը հասցրել է Կումամոտոյի պրեֆեկտուրային, որտեղ ավելի քան   10 շենք է ավերվել: Բացի այդ, պրեֆեկտուրայի որոշ բնակելի շրջաններում երկրաշարժից հետո հրդեհներ են գրանցվել, ինչի հետեւանով շատ տներում գազամատակարարումը դադարեցվել է եւ անջատվել է էլեկտրականությունը: 

Կյուսյու կղզու տուժած շրջաններում փրկարարներ են աշխատում: Նրանք տեղի բնակիչների տարհանում են իրականացնում: Նրանց, ովքեր տարերքի հարվածների հետեւանքով զրկվել են տներից, տեղավորում են դպրոցներում եւ պետական հաստատություններում, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Սեյսմոլոգների տվյալների համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը Կումամոտոյի պրեֆեկտուրայում է,  10 կմ խորության վրա: Դրա ուժը Ռիխտերի սանդղակով  6,4 բալ է կազմել: Դրան եւս մի քանի ցնցում է հետեւել մինչեւ  6 բալ մագնիտուդով: