Ադրբեջանը չորսօրյա պատերազմով հետախուզում էր հայոց բանակի պատրաստվածության աստիճանը, միեւնույն ժամանակ հետեւում միջազգային հանրության արձագանքին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության խորհրդական Գուրգեն Հովհաննիսյանը:
Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանն ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում լայնածավալ ռազմական գործողություններ իրականացրեց ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը:
Ադրբեջանի նպատակն էր՝ տեսնել, թե Հայաստանն ինչ վիճակում է, որոնք են թույլ տեղերը, հնարավոր հարձակման ինչ վայրեր կան, ինչպես նաեւ լսել միջազգային արձագանքը:
Մենք հետեւում ենք, թե հայկական, թե ադրբեջանական, թե միջազգային մամուլի հրապարակումներին: Վստահ կարող ենք ասել, որ ակնհայտորեն կողմնակալություն չկար: Կարող է նույն երկրի երկու տարբեր թերթերից մեկը մեզ պաշտպանի, մյուսը՝ ադրբեջանական կողմին:
Իմ կարծիքով, Ադրբեջանն այս չորսօրյա պատերազմով ուզում էր հասկանալ, թե միջազգային հանրությունը, կազմակերպություններն ինչ արձագանք կտան: Արձագանքներն էլ հիմնականում երկու կողմին էին ուղղված, չկար ագրեսիան դատապարտող որեւէ արձագանք, ինչը մենք գոնե մեր դաշնակից կազմակերպություններից էինք ակնկալում:
Որպես նախարարության ԱՊՀ վարչության խորհրդական՝ ինչպե՞ս կգնահատեք ԱՊՀ երկրների արձագանքը:
ԱՊՀ երկրների արձագանքը բոլորը տեսան: Բելառուսի արձագանքը եղավ, որին հաջորդեց մեր բավականին կոշտ արձագանքը, ինչի արդյունքում իրենք փոխեցին իրենց արձագանքը: Միջինասիական երկրների արձագանքը սպասելի էր. բնական էր, որ Նազարբաեւի ազդեցությունն այնտեղ կա: Ոչ ԱՊՀ երկրներից Վրաստանը բավականին չեզոք գոտում է, իսկ Ուկրաինայի արձագանքը նույնպես հասկանալի է:
Ինձ համար անհասկանալի էր միայն Բելառուսի արձագանքը, սակայն հաշվի առնելով, որ Լուկաշենկոն Ստամբուլում Էրդողանին համարեց իր ամենամոտիկ բարեկամը, ամեն ինչ հասկանալի է դառնում: Պարզ է, որ Լուկաշենկոն փորձել է իսլամական երկրների առջեւ սիրելի երեւալ:
Հասարակությունը կարծում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության թերացումների հետեւանքով են նման արձագանքներ լինում:
Մենք ամեն նոտա հղելուց հետո չենք կարող բացատրել ժողովրդին, որ այս նոտան ենք հղել: Եթե կլինի արդյունք, այդ մասին կհրապարակվի: Արտաքին գործերի նախարարությունն առաջին իսկ պահից սկսել է աշխատանքներ կատարել. դիմել ենք միջազգային կազմակերպություններին, գրել ենք մեր բարեկամ եւ ոչ բարեկամ երկրներին, բոլորին բացատրություններ ենք տվել, բայց սա հանրային աշխատանք չէ, որ հանրայնացնենք: Նույն Մամեդյարովն էլ չի երեւում չէ՞:
Մենք սեւագործ աշխատանք ենք կատարում: Մենք զենք չենք կրում, մեր զենքը թուղթն է, քարտեզը: Մեր նախարարը տեղակալները վարչության պետերն ու շարքային աշխատողները հնարավոր ամեն ինչ անում են: Մենք ամեն ինչ անում ենք, սակայն թե ինչպիսի արդյունքների կհասնենք, կախված է մեր երկրի հզորությունից, համոզեցուցիչ բացատրություններից:
Որեւէ երկրի նոտա հղե՞լ եք:
Մենք բոլորին գրում ենք, բայց տարբեր բաներ ենք գրում: Օրինակ, Բելառուսի մասին բոլորը գիտեն, իսկ մնացածը կտեսնեք՝ այդ երկրների ռեակցիաներից:
Պարոն Հովհաննիսյան, Ռուսաստանի արձագանքն ապրիլյան դեպքերին ինչպե՞ս կգնահատեք:
Պուտինի պատասխանը երեկ բոլորդ տեսաք: Սպասելի էր, որ Ռուսաստանի նախագահն ասելու էր, որ երկու երկրներին էլ խաղաղության կոչեր են անում, հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Չմոռանանք, որ մենք շատ սպասելիքներ ունենք Ռուսաստանից, որը մեր դաշնակիցն է, նրանց ամեն քայլը մանրադիտակով ենք անցկացնում: Սակայն մի մոռացեք, որ այդ երկիրն ունի իր շահերը, որոնք լավ կլիներ՝ համընկներ մեր շահերի հետ: Լավ կլիներ, որ զենք չվաճառեր, բայց բոլորս էլ գիտենք՝ կան ծրագրեր, միասնական համաձայնություններ:





























