Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու շրջաններում տնտեսական ակտիվության վերականգնման հետ կապված մի շարք հարցեր:
Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե վարչապետը կարեւորել է տնտեսության բնականոն գործունեության վերականգնման նշանակությունը՝ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքներն արագ վերացնելու եւ բնակչության սոցիալ-տնտեսական դրության հետագա բարելավման գործում: Ա. Հարությունյանը գյուղնախարարին եւ շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է պատշաճ ձեւով կազմակերպել գարնանացան աշխատանքները: Գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել նաեւ հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ՝ բերքահավաքի շրջանում հնարավոր կորուստների նվազեցման նպատակով:
«Իհարկե, հատկապես այս օրերին բոլորս լծված ենք հայրենիքի սահմանների պաշտպանության գործին, սակայն արդեն ժամանակն է, որ, դրան զուգահեռ, հանրապետությունն անցում կատարի իր բնականոն կյանքին: Այդ միջոցով մենք կկարողանանք կարճ ժամանակահատվածում վերացնել ռազմական գործողությունների հետեւանքները եւ շարունակել տնտեսությունը զարգացնելու մեր ճանապարհը»,- նշել է վարչապետը:




























