Տարածաշրջանում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություններ, որոնց համատեքստում Հայաստանի 25-ամյա անկախ գոյության ընթացքում կատարված ռազմաքաղաքական բացթողումների հետեւանքով առաջացած մարտահրավերներն անմիջականորեն սպառնում են հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալված է: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ի անդամ մյուս պետությունները, չճանաչեցին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ, ըստ էության, մեր ժողովրդին թողեցին հակահայկական ատելությամբ տոգորված այդ պետության բարի կամքի հույսին:
Այդ պատճառով առաջացել է երկրի անվտանգության վակուում, որը պետք է լրացվի ազգի հավաքական ներուժի հաշվին: Նման արտակարգ իրավիճակից դուրս գալու համար հայ ժողովրդից պահանջվում է խիզախություն, ինքնակազմակերպում եւ համազգային ուժերի գերլարում:
Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար հարկավոր է լուծել հետեւյալ խնդիրները.
1. ապահովել կայուն խաղաղության համար անհրաժեշտ պաշտպանունակություն,
2. ձեւավորել լեգիտիմ իշխանություն,
3. հասնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի միջազգային ճանաչմանը:
Պաշտպանունակության անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ է.
• մեծացնել պաշտպանական համակարգի կառավարման արդյունավետությունն ի հաշիվ կտրուկ կադրային փոփոխությունների,
• պետության ձեռքում կենտրոնացնել անհրաժեշտ նյութական միջոցներ,
• ավելացնել Զինված ուժերի թվաքանակը, առաջին հերթին՝ ոստիկանության զորքերի հաշվին:
Լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար անհրաժեշտ է.
• անցկացնել նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ,
• մինչ ընտրությունները՝ երկրի անվտանգության ու կայունության եւ ընտրությունների օրինականության ապահովման համար նշանակել Ժողովրդի վստահության կառավարություն՝ հանրային վստահություն ունեցող քաղաքական եւ հասարակական միավորումների կողմից առաջադրված թեկնածուներից, • Ժողովրդի վստահության կառավարության ղեկավար ու Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար նշանակել բանակի եւ հանրության մեծամասնության վստահությունն ունեցող անձի:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի միջազգային ճանաչման համար անհրաժեշտ է.
• քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւի ընդունման ուղղությամբ,
• ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում բարձրացնել Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւի ընդունման հարցը,
• ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում բարձրացնել Արցախի անկախության ճանաչման հարցը։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դիրքորոշման համաձայն՝ Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձեւավորվի քաղաքական եւ հասարակական միավորումների լայն մասնակցությամբ եւ նրանցից յուրաքանչյուրի կողմից անհատական ու կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքներով ոլորտային եւ տարածքային կառավարման համար պատասխանատվության իր մասնաբաժինն ստանձնելու պատրաստակամությամբ։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երկրի անվտանգության ապահովման համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստ բոլոր ուժերին առաջարկում է դիտարկել Ժողովրդի վստահության կառավարության ձեւավորման նպատակով բանակցություններ սկսելու հարցը։





























