Ադրբեջանը հայերի նկատմամբ նույն քաղաքականությունն է կիրառում, ինչ ժամանակին Թուրքիան, որը հայերին ապրելու շանս չէր թողնում: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, ասուլիսի ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով` այսօր պետք է խոսել ոչ թե մեր զինվորների ու կամավորների նվիրման մասին, այլ Ադրբեջանի կողմից կիրառված գործողությունների ճիշտ գնահատման մասին, որի փորձը էապես նման է Թուրքիայի վարած քաղաքականությանը, «նրանք հայերի համար ապրելու շանս չեն թողնում»:
«Թիվ մեկ խնդիրն այսօր այն է, որ այս ամենից հետո էլ չափազանց քիչ է մեր պաշտոնական եւ հանրային քննարկումները, որ կատարվածը գնահատվի որպես Ադրբեջանի կողմից ագրեսիա, եւ երկրորդը` որ Ադրբեջանի կատարած գործողությունները դիտարկվեն որպես ռազմական հանցագործություններ: Փաստացի Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կատարվող գործողությունները մարդկության դեմ հանցագործություններ են»,- նշեց Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով` երկու կողմերին արված կոչերն այսօր ոչինչ չեն փոխում, որովհետեւ անգամ Ռամիլ Սաֆարովի հերոսացումը բնութագրում է Ադրբեջանի քաղաքականությունը:
«Այսօր մեզ անհրաժեշտ են դիվանագիտական մակարդակում լուծումներ, իսկ մեր դիվանագիտական եւ հանրային քննարկումները զգալիորեն քիչ են անդրադառնում այս կարեւոր երեւույթին. Ադրբեջանն իր գործողություններով չի ասում, որ տարածքի խնդիր ունենք, որ կարող ենք համակեցությամբ ինչ-որ լուծում գտնել, Ադրբեջանն ասում է` հայ մարդն այստեղ ապրելու իրավունք չունի»,- նշեց նա:
Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ` խնդիրը երկու ժողովուրդների հայի եւ թուրքի գենետիկական անհամատեղելիության մեջ չէ, հարցը այս երկրների քաղաքականության մեջ է:
«Սա քաղաքական ծրագիր է, աշխարհը պետք է վերջապես ըմբռնի, որ սա ապրել-չապրելու ծրագիր է, եւ մենք սրա դեմ ենք կանգնած: Բայց սա նույնիսկ մեր ներսում չի միասնական գիտակցություն, ոչ մեր իշխանության, է ոչ մեր հանրության կողմից»,-ասաց նա:





























