Երեւանում ապրիլի 23-ին կանցնի Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության համաշխարհային համաժողովը: Այս մասին ապրիլի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հանտնել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Նրա խոսքով, սա շատ կարեւոր միջոցառում է, քանի որ Հայաստանը իրեն հռչակել է պետություն, որը պայքարում է աշխարհի բոլոր ցեղասպանությունների դեմ: «Այսինքն մենք չենք սահմանափակվում միայն մեզ հետ կատարված դժբախտությունով ու միայն մեր նկատմամբ կատարված հանցագործությունով: Մենք ցեղասպանությունների կրկնության բացառման պայքարի պիոներներ ենք: Համաժողովը, որը երկու տարին մեկ անգամ անցնելու է Հայաստանում ( հաջորդ անգամ կանցնի 2018-ին) կարող է դառնալ մշտապես գործող ձեւաչափ, որը կհավաքի աշխարհի շատ հանրահայտ քաղաքական գործիչների ու գիտնականների»,-շեշտեց Մանուկյանը: Իհարկե շարունակեց նա, մեծ հնչեղություն կստանա «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությունը, որը կկայանա ապրիլի 24-ին:

«Այս երկու միջոցառումները անցած տարվա ճանապարհի տրամաբանական շարունակությունն են: Անցած տարի մենք փորձեցինք ապացուցել, որ հանդես ենք գալիս ոչ թե որպես զոհ- ժողովուրդ, այլ որպես պայքարող ժողովուրդ: Այս պայքարը բաժանվում է երկու ճակատի՝ հումանիտար, մենք օգնում ենք բոլոր մյուս ժողովուրդներին ու իրավաբական՝ կոչ ենք անում պատժել հանցագործներին ու կանխել ցեղասպանություն հանցագործություն»,- ամփոփեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօերն Սուրեն Մանուկյանը: