Հայաստանում օտարալեզու կրթությամբ դպրոցների ստեղծման նախաձեռնությունը կարգավորվելու է մեկ օրինագծով՝ կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծով: Այդ մասին փաստաթղթի լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա նշել է, թե Հայաստանում օտարալեզու դպրոցների օրենսդրական փաթեթից հանվել են «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկները: «Մեր առջեւ խնդիր է դրված պահպանել ազգային ինքնությունը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել ձուլման եւ հեռացման հերթական ռիսկերից, մյուս կողմից, չսահմանափակել միջազգային համագործակցոթյունը, սերունդների դաստիարակման գործում փորձի փոխանակումը, լինել ճկուն, արագ արձագանքող եւ մրցունակ կրթության հարցերում»,- հայտարարել է Աբրահամյանը: Նրա խոսքով, այդ իմաստով, օրենսդրական փաթեթը հիմնավոր քննարկվել է նախագահի եւ կոալիցիայի հետ, որպես հիմք ընդունվել են հետեւյալ մոտեցումները՝ Կրթության մասին օրենքում փոփոխություններ անելու օրինագծում ամրագրել կրթության այլընտրանքային, հեղինակային փորձարարական եւ միջազգային ծրագրերի հասկացությունները:

Ըստ Աբրահամյանի՝ այլընտրական եւ միջազգային ծրագրերով կրթությունը պետք է կառուցված լինի ձեւավորված հայկական լեզվամտածողության վրա: Անկախ կրթական ծրագրից եւ հաստատության ձեւից՝ հայերենի եւ հայագիտական առարկաների ուսուցանումը պետք է պարտադիր լինի ՀՀ քաղաքացիների համար եւ համապատասխանի պետական կրթական չափորոշիչներին, ինչպես ամրագրված է օրենքում: «Կարծում եմ՝ դա կարող է Սփյուռքի հայերի համար հնարավորություններ ստեղծել, որ նրանք կրթություն ստանան հայրենիքում»,- ասել է նա:

Նա ընդգծել է նաեւ այն հանգամանքի կարեւորությունը, որ պետությունը չի կարող ստեղծել կամ հիմնել դպրոցներ միջազգային ծրագրերով: Միեւնույն ժամանակ, պետական միջոցներով գործում են 1400 հանրակրթական դպրոցներ` բացառապես հայերենի հիման վրա: «Կարծում եմ՝ առաջընթացի ցանկացած ձգտում արդարացված է, եթե տեսանելի են հեռանկարները եւ արդյունքները եւ, վստահ եմ, այսօրվա քննարկումները միտված կլինեն հենց դրանց բացահայտմանը»,- ասել է ԱԺ նախագահը: