Շուտով Երեւանի Վերնիսաժում այլեւս շուն, շինանյութ եւ հագուստ չեն վաճառի: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում օրերս տեղի ունեցած Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման եւ բարեկարգման նախագծի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնել «Վերնիսաժ» վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնել: «Պետք է արգելվի «Վերնիսաժում» շինանյութերի, հագուստի ու շների վաճառքը, պետք է մնան միայն վերնիսաժային ապրանքները։ Սակայն վաճառողներից ոչ ոք գործազուրկ չի մնա. շուն վաճառողներին կուղղորդեն Զեյթունի կենդանիների շուկա, շինանյութ վաճառողնեին՝ հարեւանությամբ գործող Գնունու շուկա»,- ասել է Դավիթ Օհանյանը:
Նրա խոսքով, շեշտը դրվելու է նրա վրա, որ ստեղծենք մարդկանց համար աշխատանքային ժամերից հետո հանգստի եւ զբոսանքի միջավայր: «Ամբողջ հատվածը կբարեկարգվի եւ կկանաչապատվի: Շինարարական աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով, այսինքն, առեւտրային գործունեություն իրականացնողները չեն ընդհատի իրենց աշխատանքը»,- ասել է Դավիթ Օհանյանը։
Հանրային քննարկման ժամանակ ներկայացվել է «Վերնիսաժի բարեկարգման 4 նախագիծ: Պատասխանատուները հայտնել են, որ վերջնական նախագիծը նույնպես կներկայացվի հանրությանը:





























