Թուրքիան ուզում էր Ռուսաստանի հետ հաշտվել Ղարաբաղում իր պայմանները թելադրելով։ Այս մասին ապրիլի 19-ին լրագրողներին ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով՝ եթե ռազմական գործողություններն Ադրբեջանի համար շահավետ ծավալվեին, Թուրքիան կորոշեր ավելի վստահ խոսել՝ առաջարկելով հակամարտության լուծման իր ուղիները։ Օրինակ, կարող էր Ռուսաստանին ասել, թե մենք դժվարություններ ունեինք, բայց հիմա կարող ենք դրանք հաղթահարել համատեղ ջանքերով։ Ղարաբաղում ռուս եւ թուրք խաղաղապահներ տեղակայենք, դրանով էլ հաշտվենք։ «Բայց դա տեղի չունեցավ։ Չնայած Թուրքիան հենց նման հույսեր ուներ։ Բնականաբար, պայմաններ թելադրել կարելի է, բայց եթե առավելություն ունես։ Թուրքիան Ադրբեջանից հենց նման առավելություններ է ակնկալում»,- նշեց Մինասյանը։





























