Ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանին ազատազրկել են, որպեսզի թուլացնեն Արցախը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» պահանջով  երթի ժամանակ ասաց  Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Մի քանի տարի առաջ Լեւոն Հայրապետյանը հայտարարեց՝ էս ինչ եք անում մեր երկրի հետ, իշխանություններն էլ ասացին՝ տես Լեւոն, թե ինչ ենք անում: Սակայն, ասեմ, որ դա նրանց չի հաջողվելու, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք նրա խափանման միջոցը փոխելուն: Ես համոզված եմ, որ Լեւոն Հայրապետյանին Ռուսաստանի իշխանությունը փակում է բանտում, որպեսզի թուլացնի Արցախի պաշտպանությունը: Լեւոնը բանտում ավելի շատ գործ էր անում Արցախի համար, քան շատերը ազատության մեջ: Այսօրվա ակցիան մեր հասարակությանը սթափեցնելու կոչ է եւ գնալու ենք ՌԴ դեսպանատուն ասելու՝ Ռուսաստան կարճ ասա դու մեր դաշնակիցը չես»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Իսկ իրավաբան Հայկազ Մակարյանն էլ ասաց, որ Լեւոն Հայրապետյանի ազատազրկման հարցում մեծ ջանքեր են գործադրել ռուսաստանաբնակ ադրբեջանցիներն ու ադրբեջանամետ ռուսաստանցի ուժերը, քանի որ գործարարն ամեն ինչ անում էր Արցախին օգնելու համար: «Նրա ազատազրկումը նաեւ  ինչ-որ կապ ունի Հայստանի իշխանություների հետ, որովհետեւ բարերարն իր ելույթներում միշտ անդրադառնում էր  Հայաստանում տիրող վատ վիճակին: Լեւոն Հայրապետյանը միշտ օգնում է Արցախին եւ կարծում եմ, որ սա կապ ունի նաեւ Ռուսաստանի ադրբեջանամետ ուժերի հետ, որոնք կասեցրին նրա առաջխաղացումը դեպի Արցախ»,-ասաց իրաաբանը:

Նշենք, որ երթի մասնակցիները «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» գրությամբ պաստառներով այս պահին գտնվում են Հայաստանի Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց: Երթը հսկում են մեծ թվով ոստիկաններ:

Հիշեցնենք, որ  Երեւանի Հանրապետության Հրապարակից մեկնարկել է «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» պահանջով  երթը դեպի Հայաստանի արտգործնախարարության շենք եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Երթի մասնակիցներն այս պահին Հայաստանի ԱԳՆ-ի մոտ են, որտեղ Լեւոն Հայրապետյանին ազատ արձակելուն միջնորդելու պահանջով նամակ են հանձնելու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, նրանք պահանջում են արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ եւ փորձել հասնել Լեւոն Հայրապետյանի ազատ արձակմանը: Ցուցարարներն այնուհետեւ շարժվելու են ՌԴ դեսպանատուն՝ նույն պահանջով նամակ հանձնելու:

Նշենք, որ օրերս Մոսկվայի դատարանը հայ բարերար Լեւոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Լեւոն Հայրապետյանը ծանր առողջական վիճակում է, սակայն, դա հաշվի չառնելով, նրան տեղափոխել են ընդհանուր պատժախուց:  Գործարարը ազատազրկումից առաջ  1 տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի տակ է գտնվել:  Հայրապետյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ եւ երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:

Նշենք, որ Լեւոն Հայրապետյանի պատժի տեսակի փոխելու հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված բաց նամակ է ուղղվել, որի տակ ընդամենը երկու օրում՝ ապրիլի 16-17-ը,  ավելի քան 15 հազար մարդ է ստորագրել:

Նշենք, որ ապրիլի 14-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը գործարար Լեւոն Հայրապետյանին 4 տարվա ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով 700 հազար դոլարի չափով խարդախություն կատարելու համար: Դատարանը հաստատել է, որ Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիայի նախկին սենատոր, ցմահ դատապարտված Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար է վերցրել նրա որդու պատիժը մեղմելուն նպաստելու համար, սակայն իրականում չի կարողացել ազդել դատավճռի վրա: