ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դժվարանում է գնահատել ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի փաստը, քանի որ իր հետ աշխատանքային հարաբերություններ չի ունեցել:

«Մարդը բնութագրել է, թե ինչի համար է հրաժարական տվել: Չեմ կարծում, որ երբ պաշտոնից հրաժարվում են, իրավական հետեւանքներ պիտի ունենա: Եթե մարդը հանցագործ է կամ ինչ որ մի բան է կատարել իր կյանքում էդ դեպքում, հա կարող է պատասխան տալ, բայց պաշտոնից հրաժարվի եւ պատասխան տա, ում պիտի պատասխան տա»,-այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով` եթե ապացուցվի, որ Պողոսյանի օֆշորային սկանդալը հակասում է մեր երկրի օրենսդրությանը, ցանկացած մարդ պիտի պատասխան տա: Գալուստ Սահակյանը նաեւ չբացառեց Միհրան Պողոսյանի՝ նոր պաշտոն ստանալու հավանականությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին:

Նա դիմումում, մասնավորապես, նշել է.

«Հայկական եւ միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաեւ իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի եւ բռնապետական Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական որեւէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։

Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»: