Հայաստանի 8 մարզերում ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կաշառք տալու մասին տեղեկություններ են ստացվել, ինչպես նաեւ ընտրատեղամասերում քաղաքացիների կուտակման դեպքեր են եղել։ Այս մասին ապրիլի 19-ին՝ «Հայաստանի 8 մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Transparency International-ի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ նախորդ ընտրություններում գրանցված խախտումները շարունակվել են նաեւ այս ընտրությունների ժամանակ։ «Ինչպես դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում, այնպես էլ այս անգամ, խոընդոտվել է մեր դիտորդների աշխատանքը քվեարկածների ցուցակներին ծանոթանալու առումով։ Մեծ հաշվով, առկա խնդիրները, որոնց մասին մենք բազմիցս ասել ենք, չեն լուծվել։ Ընտրությունների կազմակերպումը մնում է ոչ պատշաճ մակարդակի վրա»,- ընդգծել է Գրիգորյանը։





























