Գողության եւ բռնաբարության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված նախկին ոստիկան Էդգար Վարագյանի գործն այլ կազմով վերաքննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
NEWS.am-ի հետ զրույցում նախկին ոստիկանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը նշեց, որ գործն այժմ դատաքննության փուլում է, ուսումնասիրվում են ապացույցները, որոնք նախկինում դատարանի կողմից ի գիտություն չեն ընդունվել:
«Մարդուն 15 տարվա ազատազրկման են դատապարտել առանց ապացույցներն ուսումնասիրելու: Իմ բողոքը հենց այդ մասով է բեկանվել: Հիմա ապացույցներն են ուսումնասիրվու»,-նշեց պաշտպանը:
Նիստերն այժմ դռնփակ ձեւաչափով են ընթանում:
Նշենք, որ Էդգար Վարագյանը 2014թ. նոյեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր ճանաչվեց իրեն մեղսագրված արարքներում՝ դատապարտվելով 15 տարվա ազատազրկման: 2015թ ապրիլի 28-ին ՀՀ վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է բռնաբարության, ավազակության, մարդու առևանգման և մի քանի այլ հոդվածներով մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանի և նրա պաշտպան Կրոմվել Գրիգորյանի բողոքը՝ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ծավալով: Դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալ Էդգար Վարագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ: Պաշտպանական կողմը միջնորդել էր արդարացման դատական ակտ կայացնել կամ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Վարագյանը, նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին դիմակավորված մտել է Ք.Բ.-ին պատկանող տուն, զենքի սպառնալիքով կապել Ք.Բ.-ի և նրա դստեր՝ անչափահաս Է.Ս.-ի ձեռքերը, հափշտակել ոսկյա զարդեր ու 5000 ԱՄՆ դոլար գումար, նաեւ արժեքավոր գույք, ապա հարկադրաբար մորն ու դստերը տեղավորել նրանց իսկ պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, տեղափոխել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք, որտեղ բեռնախցիկից դուրս բերելով մորը՝ իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, այնուհետեւ բեռնախցիկից դուրս է հանել նրա դստերը և մոր հետ նրան թողնելով դաշտում՝ նրանց ավտոմեքենայով հեռացել է: Էդգար Վարագյանը մինչեւ վերջ չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:





























