Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության իրադարձությունները լուսաբանելու հարցում լրագրողների հնարավորությունները զգալիորեն տարբերվում էին: Այս մասին գրում է Eurasianet-ը:
«Ղարաբաղյան հակամարտությունը գոյություն ունի վերջին 22 տարիներին, սակայն ընդհանուր առմամբ դուրս էր մնացել հիմնական միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից: Ամեն ինչ փոխվեց ապրիլի 2-5-ին, երբ գրանցվեց վատագույն բռնկումը 1994 թվականին հրադադարի հաստատումից ի վեր: Ամեն դեպքում, հակամարտությունը լուսաբանելու՝ լրագրողների հնարավորությունները զգալիորեն տարբերվում էին: Արտասահմանցի բազմաթիվ լրագրողներ կարողացան առանց խոչընդոտի Հայաստանի տարածքով հասնել Լեռնային Ղարաբաղ եւ Ստեփանակերտ հասնելով՝ արագորեն հավատարմագրվել:
Տեղի իշխանությունները քաղաքի կենտրոնում մամուլի համար ամենօրյա ճեպազրույցներ էին անցկացնում, Հայաստանի Հանրային հեռուստաալիքն արբանյակային կապի անվճար գիծ էր առաջարկում, իսկ լրագրողները կարողանում էին քաղաքային տրանսպորտով ինքնուրույն ճամփորդել տարբեր շրջաններում»,- նշված է հոդվածում:
Ամեն առավոտ, ըստ հեղինակի, Ղարաբաղի պաշտոնատար անձինք լրագրողներին առաջարկում էին մեկնել առաջնագծում գտնվող Թալիշ եւ Մարտունի: «Սա նման է ռեստորանի ճաշացանկի, պարզապես մեկ ճաշատեսակով»,- կատակում է Մեդիա-նախաձեռնությունների կենտրոնի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը:
Հոդվածի համաձայն, բարիկադի մյուս կողմում հայտնված լրագրողները դժվարությունների էին բախվում: «Ադրբեջանը խստորեն վերահսկում էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հասանելիությունը հատկապես այն շրջաններ, որոնք մոտ էին առաջնագծին: Մեծ դեր ունեցավ նաեւ մուտքի արտոնագրի մերժումն այն լրագրողներին, ովքեր նախկինում եղել էին Ղարաբաղում կամ հարակից յոթ շրջաններում:
Ամեն դեպքում, միջազգային լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը, որին հաջողվել է հակամարտությունը լուսաբանել ադրբեջանական կողմից, անանունության պայմանով Բաքվի կողմից առաջնագծում անցկացված մամուլի շրջայցը կոչել է հոգնեցուցիչ եւ «քաոտիկ»: «Այստեղ արտասահմանյան լրագրողներին նկարահանում էին նույնքան, որքան իրենք էին նկարահանում: Ադրբեջանական հեռուստաալիքի անձնակազմը մեր մասին տեսանյութ էր նկարահանում»,- նշել է լրագրողը:
Ադրբեջան ժամանած լրագրողների մի մասը ձերբակալվել կամ արտաքսվել է: Գերանբոյի շրջանի ադրբեջանական անվտանգության ծառայության աշխատակիցները մի քանի ժամ շարունակ հարցաքննել են վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի աշխատակիցներին, քանի որ նրանք հավատարմագրված չեն եղել: Միայն վրացական եւ ադրբեջանական դիվանագետների միջամտությունից հետո է անձնակազմը կարողացել շարունակել աշխատանքը»,- գրում է պարբերականը:
Իսկ ռուսական «LifeNews» հեռուստաալիքի խմբի բախտը չի բերել: «Լրագրողական խմբին արտաքսել են հավատարմագրի բացակայության եւ տեղեկություն տարածելու համար, որ Ադրբեջանը հայկական եւ ղարաբաղյան ուժերի դեմ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների է օգտագործում: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը մեկնաբանությունների մասին խնդրանքին չպատասխանեց»,- ամփոփել է հոդվածագիրը:




























