Գիտնականները մոտ 115 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի քարացած ոսկորներում հայտնաբերել են արյան կարմիր բջիջների նման կառուցվածքներ, ինչպես նաև մի նյութի հետքեր, որն արյանը կարմիր գույն է հաղորդում և օգնում թթվածին տեղափոխել։ Եթե հայտնագործությունը հաստատվի, այն հնարավորություն կտա նորովի ուսումնասիրել հնագույն կենդանիների կենսաբանությունը։

Արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences գիտական հանդեսում։

Հետազոտողներն ուսումնասիրել են փոքր գիշատիչ դինոզավրի՝ արատոզավրի հետևի վերջույթների ոսկորները։ Նրա մնացորդները հայտնաբերվել են 2008 թվականին Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող հանքում։ Այժմ բրածոները պահվում են Բրազիլիայի ազգային թանգարանում։

Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ գիտնականները ոսկորներում հայտնաբերել են փոքր կլորավուն կառուցվածքներ՝ տեղակայված բարակ խողովակներում, որոնցով ժամանակին անցել են արյունատար անոթները։ Ձևով դրանք հիշեցնում էին էրիթրոցիտներ՝ արյան կարմիր բջիջներ։ Քիմիական վերլուծությունը նաև հայտնաբերել է հեմ՝ օրգանական միացություն, որը մտնում է թթվածին տեղափոխող հեմոգլոբինի կազմի մեջ։

Բացի դրանից, հետազոտողները հայտնաբերել են հեմի քայքայման ժամանակ առաջացող նյութերի և ամինաթթուների հետքեր։ Վերջիններս շարակցական հյուսվածքների կարևոր սպիտակուցի՝ կոլագենի կառուցվածքային միավորներն են։

Հետազոտության ղեկավար, Ավստրալիայի Քերթինի համալսարանի պրոֆեսոր Քլիթի Գրայսի կարծիքով՝ այդ հետքերի պահպանմանը կարող էր նպաստել մանգանի մի միացություն՝ հաուսմանիտը։ Այն առաջացել է ենթադրյալ արյան բջիջների ներսում և դրանց շուրջ ու, հնարավոր է, օգնել է պաշտպանել դրանք մինչև քարանալը։

Սակայն գիտնականների եզրակացություններն արդեն վեճերի տեղիք են տվել։ Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի հնէաբան Մերի Շվեյցերը կասկած է հայտնել, որ հայտնաբերված կառուցվածքներն իսկապես էրիթրոցիտներ են։ Նրա կարծիքով՝ դինոզավրերի արյան կարմիր բջիջները պետք է երկու կողմից բնորոշ ուռուցիկություններ ունենային, մինչդեռ հայտնաբերված գոյացությունները գոգավոր ձև ունեն։

Միաժամանակ Շվեյցերն ավելի համոզիչ է համարել հեմի և կոլագենի ամինաթթուների առկայության վկայությունները։ Նա նշել է, որ վերլուծության նոր մեթոդները հնարավորություն են տալիս հնագույն բրածոներում հայտնաբերել օրգանական նյութեր, որոնք, ինչպես նախկինում ենթադրվում էր, չէին կարող այդքան երկար պահպանվել։

Հետազոտողներն ընդգծում են, որ հայտնագործությունը չի նշանակում, թե դինոզավրերի ոսկորներում պահպանվել են վերականգնման համար պիտանի ԴՆԹ կամ այլ խոշոր կենսաբանական մոլեկուլներ։ Սակայն այն մատնանշում է հնագույն կենդանիների կենսաբանության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու հնարավորությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով ուսումնասիրելով թանգարանային հավաքածուները։