Հրազդան-Շինուհայր էլեկտրահաղորդման գծերի մալուխներն անցկացվել են ծրագրվածի ընդամենը 20%-ի չափով: Այս մասին ասված է Հայաստանի Վերահսկիչ պալատի 2015 թվականի հաշվետվությունում, որն ապրիլի 19-ին քննարկվել է խորհրդարանի ֆինանսա-վարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում:
220 կիլովոլտանոց ԷՀԳ-ն կառուցվում է Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում եւ պետք է երկրի կենտրոնը կապի հարավին՝ փոխարինելով հին գիծը: Ծրագրի արժեքը 52 մլն դոլար է, որից 39 մլն դոլարը Համաշխարհային բանկի վարկն է, մնացյալ մասը՝ Կառավարության համաֆինանսավորումը: Շինարարությունը սկսվել է 2011 թվականի հուլիսից եւ պետք է ավարտվի 2016-ի հուլիսին:
Վերահսկիչ պալատի զեկույցի համաձայն, արդեն արված աշխատանքների որակը կասկած է հարուցում. մի շարք դեպքերում հենասյուների մոնոլիտ բետոնը չի համապատասխանում պայմանագրային կայունությանը:





























