Միջնաժամկետ հեռանկարում կուտակային կենսաթոշակային ավանդները կարող են 2 տոկոսային կետով ավելացնել ՀՆԱ-ն: Խորհրդարանի ֆինանսա-վարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում քաղաքացիների կուտակային հաշիվների միջոցները կարող են հասնել ՀՆԱ-ի 20%-ին եւ լուրջ ռեսուրս դառնալ ներդրումների եւ ազգային տնտեսության աշխուժացման համար: «Օտարերկրյա ներդրումներից բացի, կարող է ներքին ներդրումների համար լուրջ ռեսուրս առաջանալ»,- հավելեց Երիցյանը:

Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային հիմնադրամների ընդհանուր ակտիվները, 2016 թվականի փետրվարի վերջի տվյալներով, կազմել են 35.5 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 72 մլն դոլարից քիչ ավելի) կամ ՀՆԱ-ի 0.7%-ը:

2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր դարձավ, սակայն բազմաթիվ բողոքներից հետո Սահմանադրական դատարանը մասնավոր հատվածի համար օրենքի գործողության ժամկետը հետաձգեց մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը, իսկ պետական հատվածի համար այն պարտադիր դարձավ 2014 թվականի հուլիսի 1-ից: