Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը կարող էր ավելին անել, սակայն վերջնական գնահատականը կարող են տալ միայն համապատասխան կառույցները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով հասարակության կողմից բարձրացված այն պահանջին, որ քառօրյա պատերազմից հետո ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է հրաժարական տա:

«Ես հասարակական նման լայն պահանջ չեմ տեսել, կան գնահատականներ, տեսակետներ: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքը գնահատող համապատասխան կառույցներ կան: Ակնհայտ է, սակայն, որ մենք այստեղ խնդիրներ ունենք. վերջին տարիներին ինչ-որ առումով Ադրբեջանը կարողացել է շրջել վերաբերմունքը, եւ իր լոբբիստական աշխատանքով, եւ 1994թ.-ից այս կողմ քայլ առ քայլ փոխել է միջազգային հանրության որոշ հատվածի մոտ պատկերացումը այս հակամարտության բնույթի, պատմության, էության վերաբերյալ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ ներկայացուցիչը հիշեցրեց, որ 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին քաղաքակիրթ հանրության եւ միջազգային կառույցներն Արցախի ժողովրդի եւ ինքնորոշման իրավունքի կողմնակից էին, սակայն այստեղ էլ կար քաղաքական երանգ. Ղարաբաղյան հարցը նպաստում էր ԽՍՀՄ-ի փլուզմանը:

«Հետագայում արդեն Ադրբեջանը կարողացավ այնպես փոխել պատկերացումը, կարծիքը, որ Հայաստանն է ագրեսոր, Հայաստանն է գրավել իր տարածքները: Այստեղ մենք խնդիր ունենք. հատկապես այս քառօրյա պատերազմից հետո պարտավոր ենք նաեւ միջազգային հանրությանն ապացուցել, որ իրնց խրախուսումն Ադրբեջանին, իրենց որոշ նախաձեռնությունները հօգուտ Ադրբեջանի, օրինակ, ԵԽԽՎ-ում հունվարին ընդունված բանաձեւը, հենց նաեւ նպաստեցին, որ Ադրբեջանը համարձակվի գնալ լայնամասշտաբ հարձակման: Մեր դիվանագիտությունն այստեղ շատ մեծ անելիքներ ուներ»,- ասաց Աղվան Վարդանյանը: