Ազատագրված տարածքները պետք է բնակեցվեն, քանի որ սահմաններն այն հատվածում են հատկապես ուժեղ պահում, որտեղ կան բնակեցված բնակավայրեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Ճիշտ է, բոլոր տեղերում էլ պահվում են, բայց այնտեղ, ոտեղ բնակավայր կա, այլ է վերաբերմունքը, սա կարեւոր խնդիր է: Երկրորդն այն է, որ այսօրվա պատերազմը, ինչպես հասկացանք բոլորս, տարբերվում է 90-ականների ավտոմատով զինվորի պատերազմից: Էլեկտրոնիկայի, տեխնոլոգիայի, հեռահար զենքերի, անօդաչու թռչող սարքերի հակամարտություն է, ինչը նշանակում է, որ տնտեսությունը առաջանցիկ տեմպերով պետք է զարգանա, այսինքն` եթե արդյունաբերության մեջ տնտեսական աճը 5.5 տոկոս է, ռազմաարդյունաբերականը լինի 14-15 տոկոս»,-ասաց Մելքումյանը:
Պատգամավորի խոսքով` հարկերից ազատված գոտում պետք է ընդգրկվի նաեւ ռազմարդյունաբերությունը: Միքայել Մելքումյանը հաջորդ շաբաթ քառօրյա նիստում հանդես կգա ռազմաարդյունաբերական համալիրի եւ ռազմական փոխօգնության գործընթացի կազմակերպման վերաբերյալ առաջարկներով: «Պետք է առաջանցիկ ցուցանիշներով զարգանա նաեւ Արցախի տնտեսությունը, քանի որ այն ռիսկային գոտի է, այստեղ էլ անելիքներ կան: Եթե հակակոռուպցիոն քաղաքականությունը, փողոցների մարքությունը այդքան արդյունավետ է, ինչի այդպես չլինի նաեւ տնտեսությունը»,-ընդգծեց նա:





























