«Ազատություն Լևոն Հայրապետյանին»  քաղաքացիական նախաձեռնությունը  ՀՀ նախագահին ուղղված բաց նամակ է տարածել, որտեղ կոչ է անում Երեւանում Սերգեյ Լավրովի հետ սպասվող հանդիպման ընթացքում բարձրացնել Լեւոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու հարցը:

Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ապրող 5000-ից ավելի հայեր իրենց ստորագրությունն են դրել Սերժ Սարգսյանին հասցեագրված բաց նամակի տակ, որում կոչ է արվում ապրիլի 22-ին Երեւանում Սերգեյ Լավրովի հետ սպասվող հանդիպման ընթացքում բարձրացնել Մոսկվայում կալանավորված բարերար Լեւոն Հայրապետյանի պատժի տեսակը՝ առողջական վիճակի բերումով փոխելու հարցը:

«Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը վատթարանում է օրավուր, նրան բժշկական անընդմեջ օգնություն է անհրաժեշտ: Առողջական այդպիսի խնդիրներ ունեցող նման հային նման ձեւով ստորացնելը նսեմացնում է մեր ողջ ազգը: Մարդ, ով հայ ժողովրդի առաջ նման արժանիքներ ունի, ենթարկվում է նման վերաբերմունքի, իսկ մենք լռում ենք: Եթե Լեւոն Հյրապետյանի հետ բանտում մի բան պատահի, դա կլինի մեր ազգային խայտառակությունը: Հարկ է նշել, որ Հայրապետյանը նաեւ ՀՀ քաղաքացի է, ուստիեւ մենք պատասխանատու ենք նրա համար ոչ միայն բարոյական, այլեւ իրավական առումով:

Այն հիվանդությունների փունջը, որով ներկայումս տառապում է Հայրապետյանը /քաղցկեղ, շաքարային դիաբետ, արյան հիպերտոնիա, հետինսուլտային վիճակ/ թե´ ՌԴ իրավական ակտերով, թե´ զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով նրա պատժի տեսակի փոփոխման հիմք է հանդիսանում:

Հաշվի առնելով Սերգեյ Լավրովի հետ սպասվող հանդիպումը, խնդրում ենք Ձեզ Արցախի սահմագծում ստեղծված իրավիճակին զուգահեռ  բարձրացնել նաեւ Լեւոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու խնդիրը՝ հաշվի առնելով նրա՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակը»,- ասվում է բաց նամակում, որի հեղինակները լիահույս են, որ իրենց խնդրանքը արձագանք կստանա: