ՊՆ բարձրաստիճան աշխատակիցների կողմից NEWS.am-ի լրագրողի մասնագիտական  գործունեությունը խոչընդոտելու, տեսախցիկը հափշտակելու փաստը տեղ կգտնի «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» 2016թ. երկրորդ եռամսակային զեկույցում: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Մենք արդեն ֆիքսել ենք այդ փաստը եւ ուշի ուշով հետեւելու ենք այդ խախտման զարգացումներին, տեսնելու ենք, թե ինչպես են գործելու իրավապահ մարմինները: Սա այն գործերի մեջ կլինի, որին մենք ամենօրյա ռեժիմով հետեւելու ենք: Սա շատ լուրջ է, շատ էլ թե դա Պաշտպանության նախարարությունն էր»,- նշեց իրավապաշտպանը:

Մելիքյանի խոսքով՝ NEWS.am-ի լրագրողի նկատմամբ թույլ է տրվել միաժամանակ երեք խախտում. ֆիզիկական բռնության կիրառմամբ սահմանափակվել է լրագրողի՝ տեղեկություններ ստանալու, տարածելու իրավունքը, ճնշում է գործադրվել լրատվամիջոցի եւ դրա աշխատակցի նկատմամբ:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին «Մուլտի գրանդ» հյուրանոցի բակում, որտեղ լրագրողը պատրաստվում էր հարցեր ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 8-րդ նիստի մասնակիցներին: Մելիքյանի խոսքով՝ դա հանրային նշանակության միջոցառում էր, որը, հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը, կարեւոր էր լուսաբանման առումով:

«Այն, ինչ պետք է հրապարակվեր NEWS.am-ի կողմից, հանրային նշանակության տեղեկություն էր, եւ դա շատ կարեւոր նշանակություն ուներ ոչ միայն NEWS.am-ի ընթերցողի, այլեւ բոլորի համար: Հատկապես այս իրավիճակում ինֆորմացիան շատ ավելի է կարեւորվում»,-ասաց ԽԱՊԿ նախագահը:

Մելիքյանը նշեց, որ ՊՆ աշխատակիցների կողմից NEWS.am-ի լրագրողից խլված տեսախցիկի հիշողության քարտից ինֆորմացիան ամբողջությամբ ջնջելը նույնպես խախտում է:

«Դա լրագրողի գործունեության խոչընդոտում է, որովհետեւ լրագրողն արդեն հավաքել է այդ ամեն ինչը, ուզում է նյութ պատրաստել, եւ հանկարծ տեսնում է, որ տեղեկությունները չկան»,-ասաց նա:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ պաշտոնյաների կողմից լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունները իշխանությունների ամենաթողության հետեւանք են:

«Պաշտոնյաները եւ ուժային կառույցների ներկայացուցիչները շատ լավ գիտեն, որ որեւէ պատասխանատվության չեն ենթարկվի բռնություն գործելուց հետո: Այս դեպքում լրատվամիջոցը պետք է հետեւողական լինի մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում»,-ասաց նա:

Նշենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը դիմել է ոստիկանություն՝ գործակալության թղթակցի տեսախցիկը եւ վկայականը հափշտակելու, մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաեւ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստերի առթիվ: