ԼՂ համակարտության կարգավորման վերաբերյալ տարիներ շարունակ տարբեր առաջարկներ են եղել, եւ ոչ մեկն էլ Արցախին ու Հայաստանին ձեռնտու չի եղել, ուղղակի դարձել է բանակցային օրակարգի մաս։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով ռուսական մամուլի հրապարակմանը, ըստ որի ՌԴ նախագահն անձամբ ակտիվորեն նպաստելու է Լեռնային Ղարաբաղի հարցով մոտ օրերս կայանալիք բանակցություններում փոխզիջման ձեռք բերելուն:

Խանումյանի խոսքով, կարեւորն այն է, որ մենք այս առաջարկները նույնպես վիժեցնենք, ինչպես վիժեցրել ենք նախորդ տարիներին տարբեր առաջարկներ։

Հարցին, թե ըստ որո փորձագետների, փաստորեն հայկական կողմին փորձելու են ստիպել գնալ զիջումների, տարածքները  վերադարձնել, եւ հետո նոր հանրաքվե անցկացնել, Խանումյանն արձագանքեց. «Ստիպելու բան չկա։ Խնդիրն այն է՝ հայկական կողմը, Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են սրա շուրջ բանակցել, ոչնչացնել այդ սկզբունքները, կամ միանգամից ոչ ասել, չգիտեմ տակտիկան ոնց կընտրեն։ Դա կերեւա առաջիկայում։ Եթե Հայաստանը գնաց կոնկրետ զինատեսակներ գնելու, բանակում ի հայտ եկած  թերությունները վերացնելու ճանապարհով, ներքաղաքական կյանքում արդյունավետության բարձրացման ճանապարհով, ուրեմն նշանակում է, որ մենք  կկարողանանք դիմակայել այդ մարտահրավերներին։ Իսկ եթե չարեց, նշանակում է, որ այս կարգի իշխանությունները Հայաստանում ի վիճակի չեն որեւէ բան փոխելու»:

«Դա իրականում լուրջ մարտահրավեր է ամբողջ հայության համար։ Բայց կարծում եմ, մեր հասարակությունը եւ Արցախը նույնպես մեծ ներուժ ունի այդ մարտահրավերին դիմակայելու համար»,-ընդգծեց Խանումյանը:

Նշենք, որ ռուսական «Իզվեստիա» պարբերականը, օրերս վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրները, գրել էր, որ Ռուսաստանը եւ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն կնպաստի Լեռնային Ղարաբաղի հարցով մոտ օրերս կայանալիք բանակցություններում փոխզիջման ձեռք բերելուն։ Աղբյուրների փոխանցմամբ Պուտինը մասնավորապես պատրաստ է անձամբ համոզել երկու կողմին, որ անհրաժեշտ է փոխզիջման գնալ։