27-ամյա Մեհրի Մանուկյանը Արմավիրի մարզի Նորապատ գյուղից է։ 2008թ․-ից սկսված կոնքազդրային հյուսվածքի քայքայումը Մեհրիին զրկել է քայլելու կարողությունից։
«Սկզբնական շրջանում մեջքի հատվածում էի ցավեր զգում, երբ մի փոքր նստած էի մնում, ցավերն ավելի էին ուժեղանում։ Գնացի բժշկի, ասացին՝ կոնքազդրային հյուսվածքի քայքայում է սկսվել, դեղորայքով բուժել այլեւս հնարավոր չէ։ Հիմա ցավերն այնքան անտանելի են, որ չեմ կարողանում ոտքի վրա կանգնել․կոնքի հատվածից ցավը փոխանցվում է ծնկահոդիս, այնտեղից էլ՝ ավելի ներքեւ»,- ասում է Մեհրին։
Մեհրին հաշմանդամության 2-րդ կարգ ունի։ Նրա խոսքով՝ առողջական առաջին խնդիրներն ի հայտ են եկել դեռ 16 տարեկանում՝ գլխացավերի, հոդացավերի ձեւով, որոնք սխալ բուժումների հետեւանքով ավելի են խորացել։
«Բոլոր հոդերս ցավում էին, այն աստիճան, որ անգամ փափուկ հացը չէի կարողանում կտրել, ջերմությունս կտրուկ բարձրանում էր մինչեւ 40-41 աստիճան․․․ Արմավիրում 4-5 ամիս ռեւմատիզմի դեմ բուժում իրականացրին, հետո պարզվեց՝ սխալ ախտորոշում են տվել, մոտս տեսողության խանգարում սկսվեց։ Գնացի «Էրեբունի» բժշկական կենտրոն, ասին՝ «Համակարգային կարմիր գայլախտ» է»,- ասում է նա։
Դրանից հետո Մեհրին 3 տարի շարունակ հորմոնային բուժում է ստացել Երեւանում, բայց ամբողջությամբ ապաքինվել այդպես էլ չի հաջողվել․ ժամանակի ընթացքում հիվանդությունը ախտահարել է կոնքազդրային հոդերը՝ գամելով սայլակին։
«Սկզբնական շրջանում շատ դժվար էր ինձ համար, չէի ուզում, որ մարդիկ ինձ տեսնեին այդ վիճակում, խուսափում էի նրանց հետ շփվել․․․»,- ասում է նա։
3 տարի է՝ Մեհրին տեղափոխվել է Երեւան, աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Նրա խոսքով՝ աշխատանքն իրեն հոգեբանական բարդույթները հաղթահարելու եւ կյանքին նորովի նայելու հնարավորություն է տվել։
«Աշխատանքը, ֆինանսական եկամտից բացի նոր շփումներ ու կապեր տվեց ինձ, օգնեց ինձ ինքնահաստատվել եւ լիարժեք մարդ զգալ»,- ասում է Մեհրին։
Այժմ Մեհրին միայն մի բան է երազում՝ վիրահատվել, որը քայլելու կարողությունից զատ նրան կվերադարձնի նաեւ «երջանիկ լինելու իր իրավունքը»։
«Իմ միակ նպատակն ընտանիք կազմելն ու երեխաներ ունենալն է, հիվանդության պատճառով ես ուղղակի զրկված եմ այդ հնարավորությունից։ Երբ վիրահատվեմ ու առողջանամ, ես էլ կկարողանամ ընտանիք կազմել ու երջանիկ լինել»,- ասում է նա։
Բժիշկները խոստացել են՝ կոնքազդրային հոդերի վիրահատությունից հետո Մեհրին կկարողանա քայլել։ Վիրահատության համար 12,000 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ, Մեհրիի համար դա չափազանց մեծ գումար է։
Մեհրի Մանուկյանիի անվամբ «Առէկսիմբանկում» բացվել են հաշվեհամարներ՝
2380027775100149 եվրո,
2380027775100158 ռուբլի,
238002775100101 դոլար։
ՀՀ դրամով հաշվեհամար է բացվել Հայէկոնոմբանոկում՝ 163009961380:
Մեհրի Մանուկյանի հեռախոսահամարն է՝ 077055534:



























