ԼՂՀ պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով փետրվարի 19-ի վաղ առավոտյան զոհված 19-ամյա Թեմուր Սլոյանի ընտանիքը դեռ մինչեւ հիմա չգիտի` ինչ է իրականում տեղի ունեցել: NEWS.am-ի հետ զրույցում Թեմուրի հորեղբոր տղան` Վալիկո Հասոյանը, նշեց, որ պաշտոնական այն վարկածը, թե Թեմուրը գնդացիրով կրակել է ջոկի հրամանատարի դեմքին, ապա ինքնասպան եղել, սուտ է:

«Ես վստահ եմ, որ երկուսին էլ սպանել են, մենք ամեն ինչ անելու ենք, որ իրականությունը պարզվի, այսպես չենք թողնելու: Էն վարկածը, որ առաջ ա քաշվել, ընդհանրապես չենք հավատում, Թեմուրն ընդունակ չէր ինքնասպան լինելու, առավել եւս ուրիշի սպանելու: Ո՞նց պիտի խփեր իրան, հանուն ինչի՞, ինչի՞ համար»,-ասաց նա:

Վալիկոյի խոսքով, Թեմուրի հետ ինքը խոսել էր, նա ծառայությունից չէր բողոքել, բանակում ոչ ոքի հետ խնդիրներ չի ունեցել. «Դեկտեմբերին էր բանակից արձակուրդ եկել, հարցրի ոնց է ծառայությունդ, ասաց `լավ է, ոչ մի բան չասաց: Ծառայակիցների հետ էլ ոչ մի խնդիր չի ունեցել, ընդամենը յոթ ամսվա ծառայող էր, ինչ խնդիր պետք է ունենար: Դժվար կյանքով ապրած տղա էր, առանց հոր մեծացած»,-ասաց նա:

Նշենք, որ Թեմուր Սլոյանը Կոտայքի մարզի Պռոշյան համայնքից էր: Նա տան փոքրն էր, իրենից մեծ երեք քույր ուներ: Հայրն էլ տարիներ առաջ էր մահացել, Թեմուրն ապրում էր մոր հետ:

Նշենք, որ ըստ ՔԿ տարածած հաղորդագրության` նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ.Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։ Ստացած վնասվածքից Կ.Հովհաննիսյանը տեղում մահացել է, որից հետո շարքային Սլոյանը ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը եւ Թեմուր Շարիի Սլոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: