Հանրային գերակա շահ ճանաչված՝ Երեւանի Պուշկին 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի գործով ապրանքագիտական նոր փորձաքննության արդյունքները չեն հետաքրքում ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանին:

«Ինձ քիչ է հետաքրքրում ամբողջ պրոցեսը, ասելիքս մի նախադասություն է՝ «Դուրս չեմ գալու»: Արդեն ինչ են ասում, ինչ են անում, իրենց գործն է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ավանյանը՝ հավելելով, որ փորձագիտական եզրակացությունը դեռեւս պատրաստ չէ:

Ժիրայր Ավանյանի խոսքով՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իր ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի միջնորդությունն ապրանքագիտական նոր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ ելնելով հանրության կողմից բարձրացրած աղմուկից:

«Տեսան, որ շատ շուխուր բարձրացավ, որոշել են նորից գնահատել փոխհատուցման չափը: Դրա հիման վրա ինձ առաջարկություն են անելու, որպեսզի լքեմ տարածքը: Բայց ես իմ խոսքի տերն եմ՝ չեմ լքելու»,-ասաց Ավանյանը:

Նշենք, «Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջ դեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության ներկայացրած օտարման հայցի քննությունը կասեցվել է, անցկացվում են ապրանքագիտական նոր փորձաքննություններ տարածքի համար տրվող փոխատուցման չափը վերանայելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2008 թ. օգոստոսին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, Պուշկինի 8 եւ 10 հասցեում գտնվող տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, սակայն, առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռքբերման գործընթաց, եւ տարածքի կառուցապատման հետ կապված որեւէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Ըստ քաղաքապետարանի՝ տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել: