ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից ապրիլի 1-ին մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Ասոյանի մահվան գործով կալանավորվել է նրա ծառայակիցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց մահացածի մորեղբայր Վահան Բենգլյանը:
«Մի հոգի էդ թեմայով բերդում է: Գեւորգի հետը միասին ծառայող տղա ա: Շատ լկտի, բոլորին ճնշող տղա ա եղել»,-ասաց Գեւորգ Ասոյանի մորեղբայրը:
ՀՀ Քննչական կոմիտեից հաստատեցին, որ Ասոյանի մահվան գործով կա մեղադրյալ, որը եւ կալանավորված է: Նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասն այլ տեղեկատվություն չտվեց մեզ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին, ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Արմենի Ասոյանը:
NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանում։
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գեւորգ Ասոյանի մահվան հանգամանքները։
Լուսանկարում՝ Գեւորգ Ասոյանն է



























