ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 19-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գեւորգ Գեւորգյանի ծնողները նրա հետ խոսել էին ապրիլի 18-ին, Գեւորգը նրանց ասել էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է, չանհանգստանան: NEWS.am-ի հետ զրույցում Աքորիի գյուղապետ Հրահատ Սիմոնյանը նշեց, որ դպրոցն ավարտելուց հետո Գեւորգը գնացել է բանակ, մինչեւ բանակ գնալը զբաղվել հողագործությամբ, օգնել է ծնողներին, գումար աշխատելու` բազմանդամ ընտանիքը պահելու համար: Նա սեպտեմբերին կդառնար 20 տարեկան:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում, Աքորիի գյուղապետարանի աշխատակիցներից տիկին Լուսինեն նշել էր, որ Գեւորգը անապահով ընտանիքից է. 6 երեխա են՝ երեք քույր, երեք եղբայր, Գեւորգը երկրորդ երեխան էր: Նա 2015թ. հունվարին էր բանակ գնացել, մեկ տարուց կզորացրվեր:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գեւորգ Գարեգինի Գեւորգյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:





























