Թուրքիայի Իզմիր նահանգում «Քուրդիստան» գրությամբ մարզաշապիկ հագած եւ լուսանկարը սոցցանցում տեղադրած տղամարդը մեծ լարվածություն է առաջացրել բնակչության շրջանում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իզմիրի Քիրազի շրջանում գործարարությամբ զբաղվող 38-ամյա Լ.Դ.-ն «Քուրդիստան» գրությամբ մարզաշապիկ է հագել ու ընկերների հետ լուսանկարվել։ Այնուհետ Լ.Դ.-ն լուսանկարը սոցցանց է տեղադրել, ինչն էլ բողոքի ալիք է բարձրացրել Իզմիրում։
Իզմիրի բնակիչները խմբերով հավաքվել են ազգությամբ քուրդ Լ.Դ.-ի խանութի մոտ եւ փորձել ծեծել նրան։ Ոստիկանությունը Լ.Դ.-ին ինքնադատաստանից փրկելու համար նրան ձերբակալել է։ Ավելի ուշ ազատ արձակված Լ.Դ.-ն փակել է խանութը ու հեռացել Վան։





























