Տնակներում ապրող գյումրեցի 14 ընտանիք արդեն տեղափոխվել է SOS Gyumri նախաձեռնության շրջանակում հատկացված նոր բնակարաններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նախաձեռնության հեղինակ, լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը:
«14-ը արդեն տեղափոխվել են, մյուսների մասով էլ փաստաթղթային քաշքշուքի մեջ ենք: Մինչեւ մայիսի 15-ը բոլորը տեղափոխված կլինեն»,- նշեց նա:
Նշենք, որ նախաձեռնության շրջանակում նվիրատվության կարգով ձեռք է բերվել 22 բնակարան, մինչդեռ SOS Gyumri խորագրով դրամահավաքի հասույթով ի սկզբանե նպատակ էր դրվել 13 անօթեւան ընտանիքի բնակարաններով ապահովել:
22 բնակարաններից զատ միջազգային Crowdfunder կայքում հավաքվել է մոտ 26 000 ֆունտ ստերլինգ, իսկ բարեգործական համերգների եւ փոքր դրամահավաքների արդյունքում` մոտ 11 մլն 87 000 ՀՀ դրամ:
Դրամահավաքին անդրադարձել են միջազգային լրատվամիջոցները, աջակցություն է ցույց տվել Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, հայտնի ֆուտբոլիստներ: Իսկ գյումրեցի հռչակավոր ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը անօթեւաններին աջակցելու նպատակով Գյումրիի տնակային ավաններից մեկում փետրվարի 28-ին բարեգործական համերգ ունեցավ:



























