Մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող, Գյումրիի բժշկական կենտրոնի բժշկուհի Նազանի Մալխասյանի գործով դատաքննությունն ավարտվել է. ապրիլի 27-ին սպասվում է գործով դատախազի ճառը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց բժշկուհու փաստաբան Իշխան Վանոյանը:

Նախորդ դատական նիստում ամբաստանյալի փաստաբանը միջնորդել է կրկնակի փաստաթղթային համալիր դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Դատարանը, սակայն, մերժել էր այն՝ պատճառաբանելով, որ պաշտպանի այն պնդումը, թե հանձնաժողովային փաստաթղթային եւ կրկնակի հանձնաժողովային փաստաթղթային փորձաքննությունների եզրակացությունները ձեռք են բերվել ամբաստանյալ Նազանի Մալխասյանի պաշտպանության իրավունքի խախտմամբ ու ոչ արժանահավատ ապացույցի օգտագործմամբ, ինչպես նաեւ եզրակացություններում առկա են հակասություններ, իրականությանը չի համապատասխանում: Ըստ դատարանի՝ վերը նշված փորձաքննությունների եզրակացությունները հիմնավորված են եւ որեւէ կասկած չեն հարուցում, ձեռք են բերվել հավաստի ապացույցների օգտագործմամբ եւ առանց փորձաքննության կատարման դատավարական կանոնների խախտմամբ:

Նշենք, որ Նազանի Մալխասյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի համարում: Բժշկուհին շարունակում է աշխատել Գյումրիի բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:

Նազանի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: