Քաղաքացի Հովհաննես Դ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Հովհաննես Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մարտի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող սուպերմարկետի աշխատակցուհու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն իր նկատմամբ բռնություն գործադրելով բերման են ենթարկել հիշյալ բաժին, որտեղ շարունակել են ոտքերով եւ բռունցքներով հարվածներ հասցնել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քաղաքացի Հովհաննես Դ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























