Նազիկ Արմենակյանը վերջին տասնամյակը անց է կացրել մահվան դեմ հուսահատ պայքարում: Նա շրջում էր Հայաստանով մեկ՝ փնտրելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Նա լուսանկարում էր նրանց՝ հավերժացնելով մեկ դար առաջ նրանց վերապրած փորձությունների հիշողությունը:  Չնայած նա 45 վերապրածների է գտել, բայց երբեմն նա հեռավոր գյուղեր էր հասնում ու պարզում, որ մահը նրանց իրենից ավելի շուտ է գտել: Այսպես է սկսվում New York Times-ում Հայոց ցեղասպանությունը վերապրած կանանց մասին պատմող ֆոտոռեպորտաժը։

Մի անգամ էլ նա հասել էր ցեղասպանությունը վերապրածներից մեկի տուն եւ տեսել, որ դռան դիմաց դագաղ է դրված: Նա չէր կարողացել զսպել արցունքները: «Ես շրջվեցի, որ հեռանամ, բայց հետո կանգ առա, քանի որ հասկացա, որ ես պետք է լուսանկարեմ նրան նույնիսկ եթե նա արդեն մահացած է,-ասում է Նազիկ Արմենակյանը,- ցույց տալու համար, որ նույնիսկ եթե նրանք մինչեւ 100 տարի ապրում են, միեւնույն է այս վկաները հավերժ չեն»:

Նազիկ Արմենակյանի լուսանկարների հերոսներից հիմա միայն երկուսն են ողջ: Հայերն այս կիրակի՝ ապրիլի 24-ին պատրաստվում են իրենք հարգանքի տուրքը մատուցել հայոց ցեղասպանության եղեռնի զոհերի հիշատակին: Թերթը հիշեցնում է, որ հայերը 1915 թ. ապրիլի 24-ը համարում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սկիզբ, որը շարունակվել է մինչեւ 1917 թվականը:

The New York Times պարբերականն այս հարցին պարբերաբար անդրադարձել է՝ նկարագրելով հայերի դեմ ոճրագործությունները բնութագրելով որպես «համակարգված», «իշխանությունների կողմից թույլատրված» եւ «կառավարության կողմից կազմակերպված»: Ցեղասպանությունից փրկվածներից մի քանիսը հետագայում բնակություն են հաստատել Արեւելյան Հայաստանում։

Նազիկ Արմենակյանը, որը 39 տարեկան է, մեծացել է Հայաստանում, երբ այն դեռ խորհրդային էր, ու դպրոցում ցեղասպանության մասին միայն ընդհանուր փաստեր է սովորել: Նրա խոսքով խորհրդային կառավարությունը չէր խրախուսում հայկական ինքնության որեւէ դրսեւորում:

Ցեղասպանությունից փրկվածների մեծ մասը, որոնց նա լուսանկարել էր, երբ նրանք 90 կամ էլ 100 տարեկան էին, երեխաներ են եղել ցեղասպանության տարիներին: Հետո նրանք հաղթահարել են նաեւ Ստալինյան ռեժիմի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ծայրահեղ դժվարությունները: Մոտավորապես 70 տարի, նրանցից քչերն էին կարողանում խոսել ցեղասպանության մասին:

«Նրանք չէին կարող խոսել այդ մասին Խորհրդային կարգերի ժամանակ»,- ասում է Արմենակյանը: «Ստալինի օրոք դրա համար նրանց Սիբիր կաքսորեին»:

Նա իր նախագիծը սկսել է 2005-ից, երբ Երեւանի Կովկասի ինստիտուտում մասնակցում էր World Press Photo դասընթացներին: Երբ նրան հանձնարարել են դիմանկար անել, նա ընտրել է մի ցեղասպանությունից փրկվածներից մի կնոջ, որն այդ ժամանակ 100 տարեկան էր: Նա ոչ լսել էր կարողանում, ոչ տեսնել եւ «կյանքի ու մահվան միջեւ էր», հիշում է Նազիկ Արմենակյանը:

Դրանից հետո նա որոշել է լուսանկարել ցեղասպանությունից փրկվածներին՝ իր  լուսանկարների հերոսներից յուրաքանչյուրի հետ օրեր անցկացնելով, որպեսզի ճանաչի նրանց, օգնում էր նրանց եւ շահում նրանց վստահությունը, գրում է թերթը։

Նազիկ Արմենակյանի լուսանկարների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ։