«Օֆշորի» հայտնի գործով տուժող գործարար Փայլակ Հայրապետյանը նամակ է ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ խնդրել է միջամտել դատաքննության ընթացքին։
«Գրել եմ, որ շատ մարդիկ կան գործի մեջ, թող բոլորը հարցաքննվեն, ներկայացվեն դատարան։ Բանկի ու բանկի աշխատաողների անունն եմ նշել, ֆինանսների նախարարի, Տիգրան Սարգսյանի Կճոյանի։ Բոլոր փաստաթղթերով ուղարկել եմ, հետ են ուղարկել դատարան»,-այսօր՝ ապրիլի 21-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Փայլակ Հայրապետյանը:
Նա լիահույս է, որ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել գործի առնչությամբ, որոնց մասին սակայն հայտնի չդարձավ դատական նիստը չկայանալու պատճառով։
«Այսօր եթե դատը լիներ, ես կիմանայի՝ ինչ հանձնարարություն է տվել»,-նշեց Հայրապետյանը։
Նշենք, որ նիստը չկայացավ դատախազի չներկայանալու պատճառով։ Հայրապետյանը սակայն դատախազի հաճախակի բացակայություններում նախկինի պես միտում չի տեսնում, այլ ըմբռնումով է մոտենում «մի ամբողջ մարզի դատախազի» բացակայություններին։
Այսօրվա նիստին նախատեսվում էր հարցաքննել ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին։ Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 28-ին։
Հիշեցնենք, որ «Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:
Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը եւ արքեպիսկոպոս Կճոյանը որեւէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, եւ որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:
Գործով միակ մեղադրյալն այս պահին գործարար Աշոտ Սուքիասյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում են իրենց առնչությունը օֆշորային գործին:





























