Եզդիներն իրենց անցած ճանապարհով վաստակեցին Հայաստանում ապրելու եւ արարելու իրավունքը: Այս մասին այսօր` ապրիլի 21-ին, Երեւանի Օղակաձեւ այսգում, եզդիժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման ժամանակ ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Դուք եզդիներդ, ձեր անցած ճանապարհով, մեր հայրենի հողի վրա ապրելով, վաստակեցիք այս հողի վրա ապրելու, արարելու իրավունքը: Փառք ու պատիվ ձեզ, որովհետեւ ձեր ժողովուրդը 1918-20թթ. մեզ տվեց պետական գործիչ Ուսուբ  Բեկ,  ռազմական գործիչ Ջահանգիր աղա, այսօր էլ տվեց Քյարամ Սլոյան, որը իր կապիտան Արմեն Ուրֆանյանի կողքին կռվեց մինչեւ արյան վերջին կաթիլը: Այդ նույն ԻԼԻՊ ասվածը, որ այսօր կռվում էր մեր դեմ` Արցախում, գիտեր, որ այդ զինվորը ազգությամբ եզդի է, այդքան դաժան վարվեցին նրա հետ, ինչպես որ նրա ազգի մյուս ներկայացուցիչների հետ էին վարվել  2014թ.»,-ասաց նա:

Նշենք, որ «Իսլամական պետությունը» Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավարության Շանգալ շրջանում ապրող եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի օգոստոսի 3-ից ցեղասպանություն է իրականացնում:

2014թ. օգոստոսի 3-ը համարվում է Սինջարիի կոտորածների սկիզբը: Այդ օրվանից «Իսլամական պետությունը» սկսեց Իրաքի Քրդական ինքնավարության Սինջարի շրջանում եւ հարակից քաղաքներում եզդիների սպանդը, ինչի հետեւանքով սպանվեց մի քանի հազար եզդի: Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն օդային հարվածներ հասցրեց ԻՊ դիրքերին, ինչը հանգեցրեց ԻՊ-ի դեմ մի քանի երկրների պատերազմի: Քրդերի եւ ամերիկյան ուժերի օգնությամբ մոտ 50 հազար եզդի կարողացավ տարհանվել եւ տեղափոխվել Սինջարի լեռներ: