ՀՀ Քննչական կոմիտեից հաստատում են՝ ժամկետային զինծառայող Գևորգ Ասոյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին։

NEWS.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ Գեւորգ Ասոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի  ժամկետային զինծառայող Մ.Մելիքյանին։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դեպքին նախորդած ժամանակահատվածում՝ մարտի 29-ին, ապրիլի լույս 1-ի գիշերը Գ.Ասոյանին  վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը ստորացրել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող, շարքային Մ.Մելիքյանը։

Վերջինիս ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին, ժամը  09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Արմենի Ասոյանը:

NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանում։

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գեւորգ Ասոյանի մահվան հանգամանքները։

Լուսանկարում՝ Գեւորգ Ասոյանն է