Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի հետ մարտնչելիս զոհված ԻԱՎ հրամանատար, կապիտան 28-ամյա հրամանատար Հովսեփ Կիրակոսյանը, կնոջ եւ երկու երեխաների հետ բնակվում էր Մատաղիս գյուղում: Նա ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հակառակորդի հարձակման պահին, եղել է տանը.կնոջը միայն հասցրել է ասել` երեխաներին վերցրու եւ նկուղում թաքնվեք, իսկ ինքն այդ ճակատագրական պահին մենակ թողնելով իր կնոջն ու զավակներին` օգնության է շտապել իր 25 զինվորներին:
Նա վստահ է եղել, որ իր կինն ուժեղ է եւ կկարողան փրկել երեխաների կյանքը` ասել է ուժեղ ես եւ կարող ես այդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել:
«Հովսեփը զանգել է գյուղում գտնվող իր եղբորը, ասել, որ գնա իր ընտանիքին Մատաղիսից հանի, նրանք վտանգի տակ են, իսկ ինքը վազել է պատերազմի դաշտ: Մինչեւ եղբայրը գնացել է, ինքն արդեն զոհված է եղել: Հովսեփի համար միշտ էլ հայրենիքն առաջին տեղում է եղել եւ նա դա ապացուցեց` իր կյանքը զոհելով հանուն հայրենիքի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի Ապագա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մխիթար Մխիթարյանը` նշելով, որ ինքը Հովսեփին դեպքից որոշ ժամանակ առաջ էր տեսել, որն ասել էր` «սահմանները պաշտպանված են, հանգիստ կարող եք քնել»:
Նշենք, որ 28-ամյա Հովսեփ Կիրակոսյանը Արմավիրի մարզի Ապագագյուղից էր, ամուսնացած է, ունի երկու երեխա:
Հովսեփը զինված ուժերում ծառայում էր 2006թ.-ից: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, այնուհետեւ մեկնել Մարտակերտ` ծառայության:



























