Երեւանի Ավան թաղամասից մարտի 24-ին անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված եւ մի քանի օր անց մահացած 21-ամյա Արա Փափազյանի ծնողները դեպքից գրեթե մեկ ամիս անց չգիտեն` իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչու է մահացել Արան:
NEWS.am-ի հետ զրույցում Արայի քեռին` Հենրիկ Մարտիրոսյանը, նշեց, որ իրենց ինֆորմացիան շատ կցկտուր է,նախաքննություն է ընթանում դեռ եւ այս պահի դրությամբ միայն գիտեն, որ Արայի մահվան դեպքով մեկ վկա է քննվել, որն ասել է, որ այդ տարածքով իր մեքենայով անցնելիս նկատել է Արային` ընկած եւ տեղափոխել է հիվանդանոց:
«Մի հոգի ներկայացել է քննչական,ասել, որ Արային իր ընկերների օգնությամբ հիվանդանոց է տարել, պատմել է, որ այդ հատվածով անցել է, մեքենայի ակի տակ դխկոց է լսել,վերադարձել եւ տեսել է ընկած Արային: Էս պահի դրությամբ միակ ինֆորմացիան սա է, այլ բան չեն ասել, միգուցե նախաքննության ավարտից հետո ասեն: Այդ տարածքում տեսանկարահանման սարք էլ չկա, որ դրա միջոցով կարողանայինք տեղեկանալ ինչ-որ բան»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում դեպքի օրը եղանակը լավ է եղել եւ Արան ցանկացել է ականջակալով երաժշտություն լսելով` հեծանիվ վարել եւ որոշել է գնալ ընկերներին տեսակցության: Արայի ընկերները, որոնց նա հեծանվով գնացել էր տեսնելու, պատմել են, որ այդ օրը Արան հեծանիվը շատ վատ է վարել: Արա Գաջելյանի խոսքով, ինքն ավելի ուշ զանգել է Արային, բայց Արան ասել է, որ 20 րոպեից կհասնի տուն եւ կզանգի, բայց այդպես էլ չի զանգել: Հաջորդ օրն իմացել են, որ Արային անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Նշենք, որ 21-ամյա Արա Փափազյանը երեք ամիս առաջ էր բանակից եկել, նա ԵՊՀ ֆիզիկայի բաժնի երկրորդ կուրսի ուսանող էր: Տան փոքր երեխան, ունի իրենից մեծ քույր:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Արա Փափազյանին գտել են Ավանի Սաֆարյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի մոտ գտնվող սյան կողքին անգիտակից ընկած: Նա մարտի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է երիտասարդին պատկանող հեծանիվը:



























