«Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» նախաձեռնության անդամները քիչ առաջ հասան ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարներին շենքի մոտ արդեն սպասում էին մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք պատ են կազմել ԱԳՆ-ի շենքի առջեւ:
Նշենք, որ երթի մասնակիցները վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան», ձեռքներին քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների լուսանկարներն են:
Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ թեթեւ ընդհարում տեղի ունեցավ: Ցուցարարները պահանջեցին, որպեսզի ոստիկաններն իրենց շարքերից դուրս գան, նաեւ հանեն մի տղամարդու, որը փորձում էր կռիվ հրահրել ցուցարարների հետ: «Նա սադրիչ է, նրան պետք է հեռացնեք մեր շարքերից»,- ոստիկաններին դիմեցին ցուցարարները:
Ոստիկանները հեռացրին նրան: Ակցիան շարունակվում է:
«Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ԱԳՆ-ի մոտ պահանջեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովից, որ եթե ուզում են կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ապա պարտավոր են ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
«Պարոն Լավրովի մամուլի խոսնակն արդեն հայտարարել է, որ նա դատարկաձեռն չի եկել Հայաստան: Մենք պահանջում ենք, որ հրապարակեն, թե այդ ինչ լիքը գրպաններով է նա եկել Հայաստան»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ եթե ռուսական կողմը ցանկանում է խաղաղապահներ մտցնել, ապա դա պետք է անել միայն Ադրբեջանի տարածքում՝ այդ երկրի խելապակաս ղեկավարից պաշտպանելու եւ այդ երկրի ժողովրդին նրանից պաշտպանելու համար:
Նշենք, որ երթի մասնակիցները մասնավորապես պահանջում են՝
1. Հայաստանը եւ Արցախը Ադրբեջանին որեւէ թիզ հող չունեն հանձնելու, ընդհակառակը՝ վերջինիս սաստելու, սեփական ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար անվտանգության ավելի ընդարձակ գոտի ստեղծելու կենսական անհրաժեշտություն ունեն,
2. Արցախի խաղաղության եւ անվտանգության միակ ապահովող եղել է եւ պիտի մնա մեր՝ Արցախի զինվորը, իսկ միջազգային խաղաղապահներ պետք է տեղակայվեն Ադրբեջանում՝ բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին եւ այլոց պաշտպանելու համար,
3. Ապահովել Ադրբեջանից փախստական դարձած հայերի, այդ թվում՝ շահումյանցիների անվտանգ շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական շրջաններ,
4. Ճանաչել միջազգային իրավունքին համահունչ Արցախի անկախությունը,
5. Դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զենքերով, որոնք օգտագործվել եւ օգտագործվելու են Հայաստանի ու Արցախի դեմ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:




























