Երեւանի զորամասերից մեկում 2013թ. հուլիսի 31-ին ժամկետային զինծառայող 21-ամյա Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործով մինչ այժմ ուսումնասիրված ապացույցները վկայում են այն մասին, որ նա ինքնասպանություն չի գործել, այլ սպանվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

«Ըստ նախաքննության վարկածի՝ իբրեւ թե տեղի է ունեցել ինքնասպանություն, որը կատարվել է դիտաշտարակի վրա՝ պարեկային ծառայության իրականացման ժամանակ, բայց այդ վարկածի հետ մենք համամիտ չենք։ Մենք գտնում ենք, որ ինքնասպանություն տեղի չի ունեցել»,-ասաց փաստաբանը։

Մուշեղ Շուշանյանը որպես ինքնասպանության հակափաստարկ բերեց այն, որ դատարանում ուսումնասիրվել է Մանուչար Մանուչարյանի հագուստը, տաբատի վրա առկա է եղել փամփուշտի անցք, ինչը, ըստ նրա, վկայում է այն մասին, որ զինծառայողի ոտքի շրջանում եւս հրազենային վիրավորում է ստացել։ 

«Բայց դատաբժիշկները ոտքի վրա նման վնասվածք չեն արձանագրել։  Հագուստն ուղարկվել է դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննության, փորձագետները նույնպես այդ վնասվածքի մասին ոչինչ չեն նշել։ Դատարանում որպես իրեղեն ապացույց ուսումնասիրվեց Մանուչարյանի տաբատը, նման վնասվածք իսկապես կար։ Իսկ այն միտումնավոր չի արձանագրվել, որովհետեւ այդ դեպքում արդեն ինքնասպանության վարկածը պնդել չէին կարող»,-նշեց փաստաբանը։

Ըստ փաստաբանի՝ տուժող կողմի օգտին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ դատաքննության փուլում հարցաքննված վկաներից շատերը հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից՝ ենթարկվելով ուղղակի եւ անուղղակի ճնշման։

Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ Մանուչար Մանուչարյանի մահվան գործով եւս նախաքննական մարմինը գործել է նույն ձեռագրով։ 

«Կեղծ նախաքննական վարկածի հիման վրա արհետսական ճանապարհով ապացույցներ են ստանում, վարկածի օգտին ինչ-որ վկաների խաբելով  կամ ահաբեկելով ցուցմունքներ են վերցնում, համարում են, որ անթերի քննություն են կատարել ու գործը ուղարկում են դատարան, բայց այստեղ խնդիր կա լուրջ»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Մանուչար Մանուչարյանի մահվան գործով մեղադրվող ամբաստանյալներին վերագրվում են գործողություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, գործողություններ, որոնց հիման վրա Մանուչար Մանուչարյանն իբրեւ ինքնասպանություն է գործել։

«Մեր համոզմունքն է, որ Մանուչար Մանուչարյանն ինքնասպան չի եղել, իսկ ամբաստանյալներն անմեղ են առաջադրված մեղադրանքում։ Նախաքննական մարմինը դատահոգեբանին տրամադրում է ձեռք բերված կեղծ ցուցմունքները, ասում է՝ նայի, այս ապացույցների շրջանակում ամբաստանյալների գործողությունները կարո՞ղ էին հանգեցնել ինքնասպանության, նա էլ ասում է՝ այո»,-ասաց փաստաբանը։

Մուշեղ Շուշանյանի պնդմամբ՝ այս դեպքում պետք է դատարանը չհիմնվի հին փորձաքննության արդյուքների վրա, այլ նշանակի կրկնակի դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն, որի վերաբերյալ թերեւս մեղադրվող կողմը միջնորդությամբ հանդես կգա։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրականի՝  ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանը եւ Արման Ստեփանյանը «իրենց անառարկելի հեղինակությունն ամրապնդելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ կատարել են իրենց լիազորությունների եւ իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ: Պարբերաբար բնույթ կրող ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի հետեւանքով շարքային Մ.Մանուչարյանի մոտ զարգացել է սուր դեպրեսիվ հակազդում» ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով, արդյունքում, վերջինը 2013թ. հուլիսի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն»:

Բաբկեն Գաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ, 358.1 հոդվածի 4-րդ մասով, իսկ Արման Ստեփանյանին՝ 358.1 հոդվածի 4-րդ մասով: