ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր՝ ապրիլի 22-ին, Ընտրական օրենսգրքի քննարկումները  կամբողջացվեն, կարվեն վերջին շտկումները, որից հետո այն կընդգրկվի  հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

Նշենք, որ ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ ընտրական օրենսգրքի նախագծում չեն ընդգրկվել իրենց եւ քաղաքացիական հասարակության միասնական 5 պահանջներից որեւէ մեկը։ Առանցքային պահանջ էր համարվում քվեարկված ցուցակների հրապարակումը։

«Մատների թանաքոտման իրենց առաջարկին որպես այլընտրանք ներկայացրել ենք մատնահետքի առկայության պարագայում  սարքավորումներ, որ կարող է կտրոն տրամադրել, որ կարողանա մասնակցել քվեարկությանը։ Քվեարկված ցուցակները հրապարակելու փոխարեն էլեկտրոնային սարքավորումը ընտրության ավարտից հետո տպում է իր մեջ եղած ողջ տեղեկատվությունը, որը վերաբերում է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին, այսինքն՝ նրանց մասնակցության հերթական համարները տպվում են, որը սպիտակ թղթի վրա սոսնձվում է եւ բոլորը կարող են այն լուսանկարել, համեմատել ստորագրված ցուցակների հետ՝ ովքեր են մասնակցել, ովքեր՝ ոչ»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքով, ընդդիմության՝ տեսախցիկներով տեղամասերը զինելու առաջարկին իշխանությունը կողմ է մի պայմանով, որ  ընդդիմությունը գտնի դոնոր կազմակերպություններ, որոնք կտեղադրեն եւ կիրականացնեն դրա շահագործումը։ Սակայն դեմ են, որ այն լինի ուղիղ հեռարձակմամբ։

Ուռճացված ընտրացուցակների մաքրման հետ կապված էլ Սահակյանը նշեց. «Այսինքն՝ գնանք դռնեդուռ տեսնենք՝ ով կա, ով չկա, եթե իրենք այդ աշխատանքը կկարողանան իրականացնել, մենք ցուցակների մեջ իրենց տրամադրած տվյալների հիման վրա նշումներ կիրականացնենք։ Դեմ չենք դրան, բայց կարծում ենք՝ որոշակի առումով անպտուղ է, դու չես կարող դռնեդուռ ման գալով  որոշես՝ ովքեր են հանրապետությունում, ովքեր՝ դրսում»:

Ինչ վերաբերում է ընդդիմության պնդմանը, թե 4=4=4 ձեւաչափով կոնսենսուս չի կայացել, ՀՀԿ-ական պատգամաորը նկատեց. «Չեմ կարծում, որ կոնսենսուսը միայն 4+4+4 ձեւաչափի մեջ պետք է լիներ, տարբեր քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում կայացել է կոնսեսուս»: