20 հազար ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատավոր Խաչատուր Խաչատրյանի փաստաբան Կարեն Թումանյանը պնդում է, որ դատարանը խոչընդոտում է իրենց ապացույցների ձեռքբերմանը:

«Երբ Խաչատուր Խաչատրյանը ցուցմունք տա, մենք առավել մանրամասն կներկայացնենք, թե ինչպես են խոչընդոտում պաշտպանական կողմի ապացույցների ձեռքբերման գործընթացին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Թումանյանը:

Փաստաբանի խոսքով՝ ապրիլի 21-ին կայացած դատական նիստում իրենք քննարկել են միջնորդություններ: Մայիսի 5-ին սպասվում է, որ ցուցմունք կտա ամբաստանյալը:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Խաչատուր Խաչատրյանը Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել եւ 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ Լոլռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Նա կալանավորված է: