Ընտրական օրենսգիրքն այս ձեւով չի կարելի անցկացնել, պետք է այն բաժին առ բաժին քննարկել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Հայաստանի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում, ԸՕ-ի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Նա առաջարկեց, որ բաժին առ բաժին շարունակեն քննարկել այն եւ 4+4+4 ձեւաչափի ձախողումը չի նշանակում, որ քննարկումներն ավարտվել են: Ընտրական օրենսգրքի համահեղինակ, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ընդունեց Ջհանգիրյանի առաջարկը:
ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց` արդյոք մտավախություն չունե՞ն, որ տարածքային ցուցակներով համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման դեպքում հաջորդ խորհրդարանը մասնագիտական որակներով ավելի վատը չի լինելու, ինչին Հարությունյանն արձագանքեց. «Մտավախություն չունեմ, որ գալիք խորհրդարանական ընտրություներում կունենանք ավելի վատ ԱԺ»:
Դավիթ Հարությունյանի այն պնդմանը, որ տարածքային ցուցակներից հրաժարվելու դեպքում քաղաքականությունը կկենտրոնանա միայն մայրաքաղաքում, Ջհանգիրյանն արձագանքեց. «Որպեսզի քաղաքական ուժ լինի մարզերում, պետք է տնտեսությունը զարգանա, միայն վարչական մարմիների հիման վրա դա չի կայանում»:
Նշենք, որ տարածքային ցուցակները ենթադրում են, որ համամասնական (կուսակցական) ցուցակներից զատ կլինեն նաեւ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար տարածքային ընտրական ցուցակներ, որտեղ տվյալ կուսակցությունը կներառի կոնկրետ թեկնածուների եւ քաղաքացիները, կուսակցությանը ընտրելուն զուգահեռ, կքվեարկեն նաեւ կոնկրետ թեկնածուների օգտին:




























