Ընտրական օրենսգրքի քննարկումների հարցում ՀԱԿ-ն անզիջում է լինելու եւ մինչեւ վերջ պնդելու է իրենց առաջարկները: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Հայաստանի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում, ԸՕ-ի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, ղարաբաղյան խնդրի շուրջ, պատերազմական իրավիճակում համախմբվելու իրենց դիրքորոշումը չի վերաբերում Ընտրական օրենսգրքին:
«Ցուցակների մաքրում չկա, մատների թանաքոտում չկա, ռեյտինգայինը հանելը չկա, ինչպե՞ս եք պատկերացնում շարունակությունը»,- հարցրեց Արամ Մանուկյանը՝ նկատելով, որ իշխանությունը «չբարեհաճեց» իրենց ներկայացնել Վենետիկի հանձնաժողովին ուղարկած երկրորդ տարբերակի գոնե սկզբունքները:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանն էլ մեղադրեց, որ ՀԱԿ-ը պատրաստակամ չի եղել իրենց լսելու: Ըստ նրա` շատ հարմար է, որ կա իշխանություն, որը փորձում է ողջամիտ լուծում գտնել, համաձայնում է այս և այն առաջարկներին, բայց մեկին, որ չի համաձայնում, կարելի է ասել` դա մեր սկզբունքային մոտեցումն է: Նա նկատեց, որ եթե օրենսգիրքը չընդունվի մինչև նախանշված ժամկետը, կլինի ընտրական ճգնաժամ, բայց իր կարծիքով՝ ԸՕ-ն այդ ժամկետում ընդունված կլինի:
ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գագիկ Ջհանգիրյանն էլ հիշեցրել է, որ բանակցությունները պետք է հետագայում շարունակեն ոչ թե առաջարկությունների տարբերությունների, այլ ընդհանրությունների վրա շեշտադրում կատարելով:
«Կոնսեսուսն ուլտիմատում չէ, այստեղ համաձայնություններ պետք է ձեռք բերենք: Կարեւորում եմ, որ մեր ամբողջ ուշադրությունը ոչ թե հետընտրական գործընթացների, բողոքարկումների վրա կառուցել, այլ նախնական գործընթացների, խնդիրները կանխելու»,-ասել է նա:




























