Աշխարհի որեւէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետեւանք, իսկ դրանց կանխարգելումը՝ որպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ երկրորդ ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, 2015 թվականը մի հանգրվան էր, երբ մենք վերաիմաստավորեցինք մեր ժողովրդի գոյության իրավունքի եւ պատմական արդարության վերականգնմանն ուղղված հարյուրամյա պայքարը։ «Ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք խորհրդանշեցինք ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված երախտագիտության ու վերածննդի ուղերձներով եւ այն հաստատակամությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը 21-րդ դարում լինելու է այդ հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Մեր պատկերացումն այսօր հստակ է՝ պետք է ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն արմատավորել նմանօրինակ աղետներից պաշտպանվելու համար:
2015 թվականը կարեւոր էր այս առումով՝ աշխարհի շատ երկրների ղեկավարներ, խորհրդարաններ, միջազգային կառույցներ, կրոնական կազմակերպություններ, ականավոր անհատներ իրենց համերաշխությունը հայտնեցին ցեղասպանությունների դեմ մեր ընդհանուր պայքարին՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ ներկա աշխարհի զարգացման տրամաբանությունն աներկբայորեն փաստում է․ մենք այլեւս փոխկապակցված ենք՝ փոխկապակցված այնքան, որ որեւէ մեկիս ձախողումը բերում է մյուսների ձախողմանը, հաջողությունը՝ հաջողությանը, տառապանքը՝ տառապանքին։
«Այսօր դժվար է պատկերացնել անվտանգության դեմ ուղղված մի մարտահրավեր, որ սպառնա միայն մեկ երկրի։ Հետեւաբար որեւէ մեկս չենք կարող ապահովագրված զգալ այն սարսափներից, որ ապրել են մեր նախնիները 20-րդ դարում, որ վերապրում են մեր ժամանակակիցները՝ 21-րդ դարում, եթե այսօր իսկ որոշում չընդունենք, եթե այսօր իսկ չասենք «այլեւս երբեք»՝ անկախ այն գնից, որ յուրաքանչյուրս վճարելու ենք։ Այս տրամաբանությունը մեզ հուշում է նաեւ, որ աշխարհի որեւէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետեւանք, իսկ դրանց կանխարգելումը՝ որպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն: Ուստի, շատ բնական է, որ ցեղասպանության ենթարկվածները, այն վերապրողներն ու նրանց սերունդները իրենց հայացքները շարունակելու են ուղղել միջազգային հանրությանը՝ արդարություն հայցելով»,-ընդգծել է ՀՀ նախագահը:
Նշենք, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը միավորում է կառավարությունների ու խորհրդարանների, խոշոր միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների, միջազգային իրավունքի բնագավառում հայտնի փորձագետների ու լրատվամիջոցների նեկայացուցիչների, նաեւ այլ հետաքրքրված անձանց:
Նրանց շարքերում են նաեւ The Washington Post ամերիկյան պարբերականի խմբագիր ու տեսաբան Դեւիդ Իգնատիուսը, հայտնի դերասան, կինեմատոգրաֆիստ ու բարերար Ջորջ Քլունին, 100 LIVES նախագծի համահիմնադիր, Նյու Յորքում Կառնեգի կորպորացիայի նախագահ, Aurora Prize – 2016 մրցանակաբաշխության ընտրական հանձնաժողովի անդամ Վարդան Գրիգորյանը: Ֆորումի ժամանակ ելույթ են ունենալու նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:



























