Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը չեղյալ համարելու որոշումը ուժի մեջ կմտնի 2017-ի հունվարին, վստահ է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին
«Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ երեք խոստում է տվել. վերացնել պատժախուցը, վերացնել հատուկ տարածքները եւ անցնել պայմանագրային բանակի: Կառավարությունն արդեն վերացրել է պատժախուցը, իսկ հատուկ տարածքները վերացնելու հարցը քննարկվում է խորհրդարանում: Ինչ վերաբերում է պայմանագրային բանակին, Խիդաշելիի խոսքով, խորհրդակցությունները ցույց են տվել, որ այդ հարցին հակազդեցություն չի լինի եւ այն կլուծվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում:
Խիդաշելին նշել է, որ բանակում ինքնակամ ծառայությունն իր նախաձեռնությունն էր, որպես պաշտպանության նախարարի, սակայն այդ ցանկությունը համընկնում է ինչպես պաշտպանական գերատեսչության, այնպես էլ զինծառայողների ցանկությանը: Նա հավելել է, որ պայմանագրային ծառայությունը ոչ մի դեպքում չի ավելացնի բյուջետային ծախսերը:
Ակնկալվում է, որ Զատկի տոներից հետո պաշտպանության նախարարը մանրամասն տեղեկություններ եւ փաստաթղթեր կհրապարակի այդ հարցի վերաբերյալ: Միաժամանակ Խիդաշելին չի բացառել, որ պաշտպանության նախարարի փոփոխության դեպքում իրավիճակը կարող է փոխվել: Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան հոկտեմբերի 8-ին:



























