Մենք հիմա ասում ենք բոլորին՝ մատնացու՛յց արեք ագրեսորին, մատնացու՛յց արեք, որ դասեր քաղվեն ու հնարավոր լինի առաջ շարժվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի նիստերի միջեւ նախատեսված ընդմիջմանը համաժողովի պատվիրակների հետ շփումների ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը զրուցել տարբեր մասնակիցների հետ, ներկայացրել Հայաստանի տեսակետը առանձին հարցերի վերաբերյալ:
ՀՀ նախագահը խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացում Ռուսաստանի դերակատարության մասին հարցի շուրջ: «Երեկ ես ընդունել եմ Երեւանում այցով գտնվող արտգործնախարար Լավրովին, ում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակից հետո մեր դիրքորոշումը:
Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ակտիվ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Տարիներ շարունակ մենք այդ գործընթացի պատասխանատու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից 1994թ. հրադադարի համաձայնագիրը կոպտորեն ոտնահարելը բանակցային գործընթացը մղեց հեռու մի կողմ: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր ունենք այլ իրավիճակ: Ոտնահարվել են զինադադարի եւ դրա ամրապնդման մասին համաձայնագրերը, արհամարհվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարությունները, կատարվել են ռազմական սահմռկեցուցիչ հանցագործություններ. ու մենք հիմա ասում ենք բոլորին՝ մատնացու՛յց արեք ագրեսորին, մատնացու՛յց արեք, որ դասեր քաղվեն ու հնարավոր լինի առաջ շարժվել»,- ասել է Սերժ Սարգսյանը:































