Իշխանությունը ընտրատեղամասերը տեսախցիկներով զինելը թողել է դոնոր կազմակերպությունների հույսին` թերեւս հույս ունենալով, որ քաղաքացիական կառույցները շահագրգիռ կլինեն դոնորներին գումարով դիմելու հարցում: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Կոնգրես հյուրանոցում ՀԿ-ների հետ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն` անդրադառնալով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, որ եթե գտնեն տեսանկարահանումն իրականացնող դոնոր կազմակերպություն, իշխանությունը դեմ չի լինի այդ առաջարկին:

«Բայց տեսահսկողության հետ կապված կան իրավական նրբություններ, որոնց մասին կուզեմ խոսել: Ասենք մրցույթ են հայտարարում, որեւէ կազմակերպություն շահում է եւ իրականացնում այդ ծառայությունը, տեսանկարահանում եւ ունենում է պաշար, մեզ համար մատչելիության հարցը պետք է լուծվի: Գործող օրենսդրությունը կարծես թե այս հնարավորությունը չունի: Մենք կարող ենք դիմել, բայց այդ ընկերությունը չտա, քանի որ պատվիրատուն պետությունն է եղել: Այսինքն եթե անգամ այդ տեսանակարահանման հնարավորությոյնը ստեղծվի, բայց տեղեկատվության մատչելիությունը` ոչ, կստացվի միայն պետությունն ունի այդ տվյալները»,-ասել է Լեւոն Բարսեղյանը:

Նար նշել է, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքը սահմանում է տեղեկություն տնօրինողների այն ցանկը , որոնք պարտավոր են տեղեկությունն իրենց տրամադրել եւ այդ ցանկում կան հանրային նշանակության կազմակերպություներ: «Եթե այս տարբերակով է գործելու, ապա պետությունը այդ կապալառուի հետ պայմանագիրը կնքելիս պետք է հայտարարի հանրային նշանակության հիմնարկ, որ եթե ՀԿ-ները դիմեն, նրանց տրվի տեսանկարահանված տեղեկատվությունը»,-ընդգծեց Բարսեղյանը: